Այս էջը սրբագրված է

մեխվեցան թղթակցին այն խոսքերը, որով կհավաստեր, թե ֆրանսիացիները այլևս չէին հեռանար Կ. Պոլսեն, որ պիտի դառնար եվրոպական շքեղ քաղաք։

Թղթակիցը ակնարկեց, սակայն, անգլիացիներու ինտրիկներուն և իտալացիներու շահասիրության։ Բայց անիկա կսեր, թե կհաղթեին բոլոր դժվարություններուն, հենվելով քաղաքի քրիստոնյա, բայց մանավանդ հայ ազգաբնակչության վրա։

-Ուրեմն, մոն վիյե, բոլորը հայերը ֆրանսերեն կխոսի՞ն, ատ հրաշալի Է, իսկապես հրաշալի Է։

Թղթակիցը խոստացավ այդ հանգամանքը հիշել իր հոդվածին մեջ և ավելցուց.

—Վստահ եղեք, որ ձեր ծանր զոհողությունները իզուր չեն անցնիր…

Հետևյալ առավոտ կանուխ, շոգենավը կանգնեցավ Ղալաթիո քարափին առաջ։ Բարպան՝ կամրջակին եզերքը կանգնած, կդիտեր հաճությամբ քարափի անցուդարձը։ Սիմիթճիի մը երևումը՝ իր հավիտենական եռոտանիով և ափսեով, արցունք բերավ անոր աչքերուն մեջ։

Հրճվանքը և անձկությունը կմիախառնվեին անոր հոգվույն մեջ։ Վերագտնելով իր բնիկ քաղաքը, անոր զանազան կերպարանքները, անիկա սուր կերպով կմտածեր կնոջը և Միհրանին մասին: Արդյոք իր վերադարձի ուրախությունը սուգի պիտի փոխվեր։

Ժամերը կանցնեին։ Բոլոր ճամփորդները անհամբերությամբ կսպասեին, որ սանիտարական քննությունը կատարվի և արտոնություն ստանան դուրս գալու։ Բարպային կթվեր, որ ոտքը դնելով հայրենի հողին վրա, պիտի դառնար նախկին մարդը, իր ուժին և գիտակցության լրումին մեջ եղող Բարպա Խաչիկը։

Բայց, երբ արտոնությունը ստացվեցավ, Բարպան չշտապեց։ Թողուց, որ մյուս գաղթականները դուրս ելլան։ Անիկա անհագորեն կդիտեր անցորդները, այն հույսով, որ ծանոթի մը կհանդիպի, և ան չի նշմարեց, որ ուրիշ շոգենավեր կուգային կկանգնեին քարափին առաջ։ Անոնցմե մեկը, ճեր–