պատկառ փարթամությունը կցուցադրեին ամեն օրենքներն դուրս, սանձարձակ քշնլով իրենց ավտոները և ամեն օր բազմաթիվ զոհեր խլելով այս կիսասոված բնակիչներեն, որոնց կենսական հյութերը ծծեր ու քամեր էին։
Բանտերը լի էին «քաղաքական» թուրք բանտարկյալներով։ Պարզ ցուցումքի վրա կձերբակալվեին թուրքեր և կքըշվեին Անատոլուի խորքերը։ Միակ հասութաբեր գործը դարձեր էր մատնությունը և զրպարտությունը։ Ընտանիքները կազմալուծվեր էին։ Ճակատե վերադարձող հազվադեպ երիտասարդները քայքայված էին ֆիզիկապես և բարոյապես, իսկ տարիներով իբր փախստական ապրողները, որոնց թիվը տասնյակ հազարներու կհասներ, ապասերվեր էին ինքզինքնուն հարկադրած անգործ և նկուն կյանքեն: Անոնք ձեղնահարկերե և զանազան մթին թաքստոցներն դուրս եկեր էին գունաթափ և ուժասպառ, կորսնցուցած աշխտանքի ընդունակությունը։ Իսկ աղջիկները ուրիշ հեռանկար չունեին, բայց միայն պոռնկությունը, որը հսկայական ծավալ ստացեր էր, նախ՝ գերմանական բանակի և հետո՝ դաշնակից բանակներու առկայության շնորհիվ:
Ջնջվեր էին նախկին բարոյական ըմբռնումները, և նորերը չէին ստեղծվեր։ Աշխատավորները գործ չունեին, իսկ միջին շերտերը, որոնք իրենց փոքր հասույթներով և եկամուտներով կապրեին, սնանկացեր էին։ Անշարժ կալվածներու առուծախը դադրեր էր, բայց բռնագրավումները տեղի կունենային առանց օրինական հիմքի։
Բայց եթե քրիստոնյա թաղերու մեջ թշվառությունը մեծ էր, թրքական թաղերու մեջ քստմնելի էր։ Սովամահության դեպքերը կբազմապատկվեին։ Մարդիկ իրարու համար դարձեր էին անգութ և անկարեկից։ Մայթերու եզրին կպած, արյունոտ փրփուրները շրթներնուն, որովայնները ուռած ծերունիներ և երիտասարդներ սովե կմեռնեին՝ «հա՜ց, հա՜ց» աղերսելով և անցորդներեն չէին ստանար նույնիսկ կարեկից նայվածք մը։ Գողությունները և ավազակությունները դարձեր էին սովորական։ Գիշերները, ամայի փողոցներու մեջ, հաճախ կլսվեին ատրճանակի և նույնիսկ հրացանի հարվածներ։ Ահաբեկված քաղաքացիները, մութը կոխելեն հետո, կքաշ–