Այս էջը սրբագրված է

Վիկտորյան կկարծեր, թե Բարպան անտարբեր դարձեր էր բոլոր այն բաներու մասին, որոնք անոր համար առաջ նշանակություն ունեին։ Բարպան իր տուն հասած օրը որևէ հարցում չէր ուղղեր կնոջը, որևէ հետաքրքրություն ցույց չէր տվեր։ Անիկա նույնիսկ չէր տեղեկացեր Միհրանի մասին։ Վիկտորյան չէր կրնար գուշակել, որ Բարպան, Միհրանը չի տեսնելով տանը, կվախնար այդ հարցումը ընելու, և ան չի նշմարեց, որ Բարպան աչքերը թարթեց Հուզմունքեն, երբ վերջապես Վիկտորյան խոսեցավ Միհրանի մասին։

—Միհրանը կուգա վաղը իրիկուն,— ըսավ ան,— հայդար Փաշա կաշխատի, երկաթուղու կայարանի հաշվապահության գրասենյակին մեջ։ Շաբաթը մեկ անգամ միայն տուն կրնա գալ չոճուխը։

Հետո Վիկտորյան պատմեց, թե ինչպես Միհրանը, իր թուրք ընկերներու գաղտնի միջամտության շնորհիվ, երկու անգամ ազատվեր էր ճակատ ուղարկվելե։ Բժիշկ Ռեմզին հաջողեր էր Միհրանը իբր պահեստի սպացու տեղավորել կայարանի Հաշվապահության գրասենյակին մեջ, բայց Ռեմզիի ճակատը երթալեն հետո գերրմանացի սպա մը Միհրանը ուղարկեր էր սև աշխատանքի՝ կայարանի դարբնոցին մեջ։

—Չոճուխը շատ բան քաշեց,— ըսավ Վիկտորյան շատ բանի դիմանալու ստիպվեցավ, ճարը ի՞նչ էր,— Վիկտորյան խոր հառաչեց և ավելցուց.— մենք ինչ կմտածեինք, ինչ եղավ…

Բարպան ձեռքովը տարտամ շարժում մը ըրավ։

Բարպայի վերադարձի լուրը տարածվեր էր ոչ միայն փողոցին, այլև ամբողջ թաղին մեջ, և օրնիբուն կանայք, տղամարդիկ կմտնեին Բարպային տունը, որուն դուռը կիսաբաց մնացեր էր, և կմեկնեին առանց մնաս բարով ըսելու, կուգային կրկին, կրկին կմեկնեին։ Մասնավորապես կիները խորապես կհուզվեին Բարպան տեսնելով, բացականչություններ և հառաչանքներ կարձակեին և իրենց ձեռքերը ծալած խոշոր վարերու վրա, երբեմն հեծկլտալով կուլային։

Բարպան լուռ, գլուխը հակած կուրծքին վրա, կտեսներ և կլսեր այս բոլորը և միայն երբեմն աչքերը կթարթեր և շուրջ բոլորը կնայեր, կարծես կորսված բան մը փնտրելով։