Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՃԻԶՎԻՏԸ ԵՎ ԴԸՐՋԱՆԸ

Մորը մահեն հետո այլևս Միհրանին հայրը շատ քիչ անգամ եկավ Բերա։ Պատանիին մտքին մեջ անոր պատկերը, ինչպես և մորը պատկերը, հետզհետե կսքողվեր մշուշով։ Բայց զարմանալին այն էր, որ հորը ցանցառ այցելությունները փոխանակ Միհրանին և հորը հարաբերությունները թարմացնելու, ընդհակառակը, աստիճան մը ավելի կխզեին անոնց մեջ եղած կապերը, ետ կմղեին հայրը տղուն մանկական հիշողություններու մեջ, որովհետև Միհրանը ամեն անգամուն որոշ կերպով կզգար, որ իրարմե աստիճանաբար կտարբերվեին և այլևս որևէ առնչություն չի կար իրենց մեջ։

Այդ օտարացման զգացումը դառնություն կպատճառեր Միհրանին, որը շուտով կցրվեր իր ամենօրյա կյանքին զբաղումներուն մեջ, և անիկա չէր կրնար անդրադառնալ, որ այդ նույն ղգացումը հորը համար կստեղծեր դաժան կացություն։

Երկաթագործ Սահակը երկարորեն և կարոտով կմտածեր իր տղուն վրա և վերջապես օր մը կորոշեր երթալ իր չոճուխը տեսնելք ոչ առանց տեսակ մը կանխահոգության:

Անիկա կուգար Բերա շաբաթվան մեջ թաթիլ օր մը, ժամերով կդեգերեր Զարեհ էֆենդիի արՀեստանոցի մոտակա սրճարանները և եթե պատահմամբ չի հանդիպեր Բարպային, առանձին կերթար Թաթավլա, այն ժամուն, երբ տղան դպրոցեն կվերադառնար։