Այս էջը սրբագրված է

հրճվանք, որը կջանար թաքուն պահել իր թուրք ընկերներեն: Անիկա ուրախությամբ կլսեր, թե ինչպես գերման սպաները շտապով կհեռանային Թուրքիայեն, գրեթե կփախչեին։ Ա՜հ, ուր մնացին Մաննիկի կավալերները, կմտածեր Միհրանը, ինչքան կուզեր աչքովը տեսնել անոնցմե մեկնումեկին անփառունակ փախուստը։ Միհրանը վերջապես չի կրցավ իր ուրախությունը ծածկել Սաֆիեեն, որուն աչքերր տխրեցան.

—Մի՞թե քեզ համար նույն բանը չէ, Միհրա՚ն,— ըսավ անիկա,— գերմանները ըլլան մեր տերերը, թե դաշնակից պետությունները, մենք կդառնանք գերի ինկած ժողովուրդ։

Միհրանը ամչցավ և հասկցավ իր սխալը, բայց ան ներքնապես կմտածեր, թե իրեն և իր ընկերներուն համար նոր կացությունը նույն բանը չէր։ Կարծես թե ծանր մղձավանջ մը փարատեցավ։ Միհրանը կրկին անցավ երկաթուղային վարչության գրասենյակը։ Կյանքը վեր սկսավ իրեն համար։ Ան սկսավ մաքուր հագվիլ, ավելի լավ ուտել և ժամանակ գտավ ընթերցանություններ ընելու։ Անիկա իր կապերը չէր խզած աշխատանոցի բանվորներուն հետ, բայց արդեն իր գործունեության դաշտը վախադրեր էր մտավորական մարդոց շրջանակի մեջ։

Միհրանը կջանար իր ներքին գոհունակությունը ծածկել՝ չի վիրավորելու համար իր թուրք ընկերներու զգացումները, բայց Սաֆիեն կարծես բաց գրքի մեջ կկարդար Միհրանին հոգու գաղտնիքները։

—Ալ որու՞ հավատալ, եթե քեզ նման մեկը կարող է մոլորվիլ, — ըսավ. Սաֆիեն Միհրանին։

Եվ անոր աչքերուն մեջ ավելի խոր թախիծ կար, քան թե զայրույթ։

Ռուսական հեղափոխության լուրերը հասեր էին Միհրանի ընկերներուն։ Ամենքն ալ անհագ հետաքրքրությամբ օրե֊օր, ժամե֊ժամ կսպասեին նոր լուրերու։ Լենինի մեծ անունը կանցներ շրթունքե շրթունք։ Երբ Լենինի պատգամներեն մեկը կարտասանվեր փակ և թաքուն ժողովներու մեջ, ընկերներու բիբերը կընդլայնեին, մարդիկ կդառնային մտամփոփ և երազուն։ Ամենքն ալ կհասկնային, որ աշխարհս կսարսեր իր հիմքերեն, և նոր արշալույս մը ծագեր էր։