Այս էջը սրբագրված է

Գարեջուրի ֆաբրիկայի տերերը ճամփեցին Մինաս էֆենդին և անոր տեղ արհեստանոցի գործավար նշանակեցին հույն նախկին կապալառու մը։ Ֆաբրիկայի վարչությունը հայտարարեց, որ աշխատանքի վերադարձող բանվորները պիտի արժանանային ներողամտության, և շատերը գլխիկոր վերադարձան։

Դեպքին հետևյալ իրիկունն իսկ Բարպան հայտարարեց Ղուկասին, որ եկեր էր խորհրդակցելու իր հին ընկերոջը հետ։

—Ես այլևս ատտեղ չեմ երթար աշխատելու։ —է հ, ի՞նչ պիտի ընես, Բարպա , մեր տարիքը մարդոց համար գործ գտնելը դյուրին չէ։

—Չեմ երթար, ոտքս չեմ դներ,— ըսավ Բարպան և օղիին բաժակը վերցնելով, մեկ ումպով պարպեց։

Անոր մտքին մեջ դեռ տարտամորեն կուրվագծվեր ուրիշ ծրագիր մը, և հակառակ իրենց կյանքի գժվարություններուն, Բարպան կժպտեր այդ ծրագրին։


Օրը չորեքշաբթի էր, բայց Բարպա Խաչիկը որոշեց իր մտադրությունը հայտնել կնոջը շաբաթ իրիկուն, երբ Միհրանն ալ տունը կըլլար։ Բարպան նոր չէր, որ կորոճար այդ միտքը. տարագրութենե վերադարձեն հետո, երբ քիչ մը կազդուրվեցավ, անմիջապես մտածեց Վիկտորյային և Միհրանին հետ երթալ Ֆրանսիա։ Այդ միտքը ծագեր և հաստատվեր էր իր մեջ գլխավորապես այն պատճառով, որ ինքը դարձեր էր օտար և խորթ իր սեփական ծննդավայրին մեջ։ Բարպայի դիտավորության մեջ մեծ տեղ կբռներ նաև Միհրանի ապագայի խնդիրը։ «Չոճուխը մեղք է», կմտածեր ան և կխորհեր, որ Ֆրանսիայի մեջ ինքը կաշխատեր, Վիկտորյան տունը կպահեր, և Միհրանը կկարողանար համալսարանական ուսմունքի հետևիլ:

Բայց ինչպե ս Բարպան իր այդ մտադրությունը գործա գրության պիտի դներ։ Տանը դրամ չի կար և նույնիսկ անհրաժեշտ ծախքերուն հաշիվ կհասնեին բավարարել։