Ֆրանսիայի ցանկալի հողին վրա, «բան մը կընեին»։ «Աշխատող մարդը անոթի չի մնար», կմտածեր Բարպան, և անոր մտքին կներկայանային արդար օրենքներով կարգավորված բարեկեցիկ կյանք մը, որ թռիչք կուտար իր երևակայության։
Երբ Բարպան հասավ Ղալաթիո քարափը և առաջին փորձը ըրավ գործակալության մը մոտենալու, հայ, հույն և հրեա սմսարներ խուժեցին անոր վրա։ Անոնք Բարպայի թեվերեն ու օձիքեն կքաշեին, իրարու կհայհոյեին, զանազան առաջարկություններ կընեին և հայտնած գիներու վրա անմիջապես զեղջեր կընեին և իրարու հետ կմրցեին՝ ավելի մեծ զեղջեր ընելով։
Բարպան՝ շփոթած, շվարած, իր օձիքը ազատեց գոռալով, որ ինքը ճամփորդ չէր և ճամփորդելու ոչ մի դիտավուրություն չուներ։
Բարպա Խաչիկը, քանի մը անգամ քարափին վրա սմսարներե պաշարվելով և անոնց ոռնացող առաջարկությունները լսելով, հասավ վերջապես նավակայանը, որ նախկին զորանոց մըն էր և ուր վերջնական վիզան կստանային այն ճամփորդները, որոնք Ֆրանսիա պիտի մեկնեին։
Նավակայանը առանձնապես հանձնված էր ֆրանսիացիներու, և շենքին վրա կծածաներ եռագույն դրոշակը։ Բարպան խոր հուզմունքով կդիտեր ֆրանսիական դրոշակը, որ իր մեջ կարթնցներ անցած և զարհուրելի դեպքերու ազդեցության տակ մարած զգացումներ։
Երթալ Ֆրանսիա, դեմոկրատիայի դասական երկիրը, ապրիլ օրենքով և կարգով, վայելել ազատ մարդու բոլոր իրավունքները, աշխատիլ պատվով, ապրիլ պատվով, վերստեղծել համեստ և բարեկեցիկ կյանք… Այդ բոլորը խառնիխուռն խուժեցին Բարպայի մտքին մեջ, և անոր այնպես կթվեր, որ այդ դեմոկրատական երկրին մեջ պիտի գտներ իր բոլոր տառապանքներուն ամոքումը և վերջնական հանգիստը:
Այդ տրամադրությունով լուսավորված, Բարպայի ուշադրութեն վրիպեցան որոշ երևույթներ։ Երկար պոչ մը