Այս էջը հաստատված է

հուզմունքով կհիշեր մորը վտիտ կուրծքը, որուն կհեներ գլուխը, մորը ծունկերուն վրա նստած և սրունքները շարժելով կուլար կամ կերգեր։ Միհրանը սուր կերպով կհիշեր մայրական կուրծքին անսահմանելի հոտը, քրտինքի և աճառի խառն հոտ․ մայրը բծախնդիր մաքրություն կպահեր, և չեր հասկնար, թե ինչո՞ւ իր գորովանքի բոլոր արտահայտությունները թախիծ կբերեին մորը դեմքին վրա և երբեմն արցունք՝ անոր աչքերուն մեջ։ Այնտեղ, հեռավոր անցյալին մեջ— երկու տարիներ անցեր էին միայն, բայց Միհրանին համար հեռավոր անցյալն էր— կարծես թե բան մը մնացեր էր անկատար և որը պետք էր ինքը լրացներ։ Տխրության թանձր մշուշ մը կվարագուրեր Միհրանին մանկական հիշողությունները, մորը և հորը պատկերները։ Անոր կթվեր, որ պետք էր պատռել այդ վարագույրը և պայծառություն մտցներ իր մանկական հիշողություններուն մեջ, և իրեն կթվեր նաև, որ քանի դեռ այդ չէ կատարված, չի կրնար անկաշկանդ կերպով իր նոր կյանքը շարունակել, ընթանալ իր հատուկ շավիղով, առաջ նետվել, նոր ճանապարհ բանալ իրեն համար։

Ամեն անգամ, որ Բարպա Խաչիկը կխոսեր Միհրանի մորը և մեծ մորը մասին՝ «ողորմած հոգի մայրս» ըսելով, անոր կթվեր, որ այդ տխրության մշուշը ալ ավելի կթանձրանար Միհրանը չէր կրնար ըմբռնել, թե ինչու մարդիկ, փոխանակ լիուլի վայելելու ապելու ուրախությունը, քարշ տվեր էին իրենց կյանքը ինչպես ծանր բեռ, որ օր մը գետին դրեր էին՝ գերեզման իջնելու համար, և իրեն կթվեր, որ այդ բոլորը շրջապատված էր խորհրդավոր գաղտնիքներով։

Միայն Վիկտորյան Էր, որ ուրախությամբ կխոսեր կյանքի մասին։ Ճիշտ է, որ ան խորհրդածություններ չէր ըներ, բայց կյանքի երևույթները, առօրյա դեպքերը կդիմավորեր ժպիտով և տեսակ մը շնորհակալությամբ, ինչպես եթե շարունակ, անսպասելի կերպով այդ բոլորն ընծայվեին իրեն։ Այդ էր պատճառը, որ Միհրանը Վիկտորյային հետ կգտներ իր հոգեկան հանգիստը և կսիրեր անոր հետ դուրս գալ՝ գնումներ ընելու կամ այցելության մը երթալու համար հեռավոր ծանոթի մը կամ ազգականի, որուն անունը հանկարծ կուգար Վիկտորյայի միտքը։