Այս էջը հաստատված է

Միհրանը ոգևորությամբ ընդունեց, ուրեմն, Սկյուտար երթալու առաջարկը և ամբողջ շաբաթը որոճաց այն հաճույքը, որ պիտի վայելեր կրկին անցնելով այն ճամփաներեն, որոնցմե անցեր էր մանկության օրերուն, և վերստին տեսնելով այն վայրերը, տուները և անձերը, որոնք շրջանկարը կազմեր էին իր անցյալ ուրախություններուն և տխրություններուն:

Բայց դեռ կամուրջին վրա տարօրինակ տհաճ զգացում մը սողոսկեցավ անոր հաճելի ակնկալություններուն մեջ։ Կարծես ամեն ինչ գունաթափ եղեր էր: Միհրանը չէր կարող հասկնալ, որ ինքը կորսնցուցեր էր իր մանկական աչքերը և ամեն ինչ կտեսներ ավելի փոքր, տմույն և անկարևոր։ Առարկայական իրականությունը՝ իր մանրամասնություններով, կոպտությամբ կցրվեր մտքին մեջ այն անորոշ և շողշողուն պատկերացումները, որ կազմեր էր իրեն համար, վաղուց տեսած և զգացած իրականութենեն։ Միհրանին հուսախաբությունը շեշտվեցավ, երբ քսան վայրկյանի չափ սպասելե հետո գարշահոտ սպասման սրահին մեջ, մտան շոգենավ։ Վիկտորյան անցավ կանանց կողմը, և Միհրանը կանգնած մնաց շոգենավի կամրջակին վրա, խումբ մը ստահակներու հետ, որոնք գռեհիկ կերպով ծիծաղելով՝ իրար հետ կգզվրտեին և ցոփական ակնարկություններ կընեին անցնող քողարկված կամ երեսը բաց կիներուն։

Երբ հասան Սկյուտարի նավամատույցը, Վիկտորյան չուզեց կառք վարձել. անիկա բացատրեց Միհրանին, որ կուզեր ճամփու ծախքի համար Բարպային տված դրամեն խնայել և ավելացնել այն գումարին, որ իր հետ բերած էր Իպրաքսե հորաքրոջը տալու համար։ Արվարձաններու մեջ արհեստավորները այնքան աղքատ էին և ծայրը֊ծայրին կապրեին, որ երկու֊երեք մեջիդիեն, կըսեր Վիկտորյան, «ծակ կգոցե, պակաս մը կլրացնե»։

Աշնանային ջերմ հետմիջօրե էր։ Արևը կճաճանչեր երկնակամարին վրա և լույսով ու շողշողումով կզարդարեր նույնիսկ ճամփու փոշին, որու մեջ խրվելով՝ Վիկտորյան և Միհրանը կբարձրանային զառիվերեն։ Երբ մտան թաղերը, փայտաշեն տուները իրենց շահնիշիրներով, որոնց պատուհաններու