Այս էջը սրբագրված է

էին թեթև ալեկոծությունները, որու միջոցին իրարու վրա թափված գաղթականները, ծովախտե բռնվելով, կպարզեին զզվելի պատկերներ։

Մեսինայի նեղուցեն անցած միջոցին ճամփորդները քանի մը ժամ վայելեցին ծովի՝ անշարժության հասնող խաղաղությունը։ Բարպան հայրենաբաղձ աչքերով կնայեր մերձավոր ափունքներուն և տուներուն, կամ ծառերու տեսքը անսահման ցանկություն կներշնչեր իրեն ցամաք ելլելու, ոտքը հաստատուն հողի վրա դնելու։

Լիոնի ծոցին մեջ միստրալը լեռներու պես կբարձրացներ ալիքները. շոգենավը կարծես դարձավ խաղալիք. բարձրացող ալիքները երբեմն շառաչյունով կփլչեին կամրջակին վրա, և ծովախտե բռնված գաղթականները կփախչեին մեկ կողմեն մյուսը իրենց թրջված իրեղենները տեղափոխելով։

Բարպան՝ կռնակի վրա պառկած, այլևս ոչ մեկ բանի կմտածեր, ոչ մեկ բան կցանկար. անիկա նույնիսկ անտարբեր դարձեր էր Միհրանի գալարումներուն, որուն հեծեծող ձայնը կլսեր ինչպես հեռավոր շշուկ։ Վիկաորյան միայն չէր ազդված շոգենավի տատանումներեն և իր անեղծ մնացած ուժր և կորովր կշռայլեր ոչ միայն իրեններուն, այլև գաղթականներուն ։

Մարսիլիո մոտ միստրալը հանկարծ դադրեցավ. ջուրերը մռնչելով և կարծես ակամա խաղաղեցան. Միջերկրականի մութ֊կապույտ կոհակները կնշուլեին արևի ճառագայթներեն, և օրը կծանուցվեր խաղաղ և երջանիկ։ Հանկարծ լուրը տարածվեցավ.

—Այս իրիկուն կհասնինք Մարսիլիա…

Հիվանդները կարծես հրաշքով ապաքիներ էին։ Նավաստիները ջուրի հաստ ժայթքերով կմաքրեին նավը, մինչ ուրիշներ կփայլեցնեին պղինձները. ռուսական ժողովրդական երգեր, երբեմն մեներգված, երբեմն խմբով, կհածեին օդին մեջ։

Բարպան և Միհրանը իրենց կարգին ժրացան, և երկուքն ալ պատրաստվեցան մեծ եղելության։ Այն իրիկունն իսկ պիտի հասնեին Մարսիլիա, ոտքերնին պիտի դնեին ցանկալի Ֆրանսիայի հողին վրա։