Այս էջը սրբագրված է

Մարսիլիո մաքսատան գլխավոր շենքին կից փայտաշեն եերկար սրահներեն մեկուն մեջ, որոնք հատուկ շինված էին ամեն ազգերու պատկանող գաղթականները ընդունելու համար, սրահին ամբողջ երկարությունը բռնող անհարթ տախտակե փոշոտ սեղանին վրա զետեղված էին «Սեն Նիկոլա» շոգենավին չորրորդ կարգի ճամփորդներուն իրերր։ Այնտեղ կային ամեն ձևի և տեսակի պայուսակներ, սնդուկներ, որոնցմե ոմանք զարդարված էին գույնզգույն թիթեղի եռանկյուն կամ քառանկյուն կտորներով, կային լիքը պարկեր, ծրարներ, հասարակ արկղներ և մեծ ու պստիկ կողովներ.

Ճամփորդները կեցած էին սրահին մեջ, ոմանք համբերությամբ՝ իրենց իրերու առաջք, և ոմանք խմբված էին և աղմուկով կխոսակցեին, սպասելով մաքսային քննության, որը կուշանար։ Առաջին և երկրորդ կարգի ճամփորդները անմիջապես անցեր էին մաքսային քննութենե, որը կատարվեր էր քաղաքավարի և թեթև, ինչպես պատմեր էր Միհրանը Բարպային և Վիկտորյային, անիկա թեև չէր ուզեր իրեններեն հեռանալ, վախնալով, որ իրար կկորսնցնեն, բայց նոր երկիրը և նոր քաղաքը տեսնելու անհամբերության մեջ արագ հետազոտություններ կկատարեր մաքսատան զանազան մասերուն մեջ և անմիջապես կվերադառնար Բարպային մոտ։

—Այս իրիկուն չպիտի կրնանք գնացքր առնել, — ըսավ ան,— վերջինը մեկնեցավ։

Բարպան անսահմանորեն գոհ էր, և անոր դեմքը կարտահայտեր իր լիուլի բավականությունը։ Անիկա, կարծես թե, հասեր էր անհասանելի նպատակի մը և չէր նշմարեր իր և իրեններուն այդ սպասողական դրության անիմաստ հետևանքները։ Բոլոր ճամփորդները սաստիկ հոգնած էին և անհամբեր էին դուրս գալու այդ փայտաշեն բարաքեն, որուն օդը տոգորված էր վատ տեսակի ծխախոտի, փոշու և քրտինքի հոտով։ Անոնք, որ Մարսիլիա պիտի մնային, գտեր էին իրենց դիմավորելու եկող ազգականները և ծանոթները և ոտքի վրա, այդ անհյուրընկալ սրահին մեջ, կըս֊