Այս էջը հաստատված է

զույգ վարագույրներու մեջտեղեն հետաքրքրված դեմքեր կդիտին, Միհրանը վերադարձուցին իր մանկական օրերուն:

Իպրաքսե հորաքույրը կբնակեր Դաղ Համամի, սեփական միահարկ տանը մեջ, որուն անմիջական հարևանները հրեաներ էին։

Այդ միջոցին հրեական տոն մը կար, և թաղին ծերունիները, որոնց ճերմակ և ալեծուփ մորուքը կտարածվեր իրենց կուրծքին վրա, հագած բաց գույնի կամ ճերմակ պարեգոտներ և մուշտակով եզերված երկար վերարկուներ, զույգ֊զույգ կամ խումբերով կքալեին փողոցներուն մեջ, իրենց շրթները թրթռուն՝ կիսաձայն արտասանված աղոթքներով։

Իպրաքսեի տանը դուռը բաց էր, բայց Վիկտորյան ջախջախը զարկավ և Միհրանին հետ մտավ բակը։ Անոնք անմիջապես լսեցին Իպրաքսեի զիլ ձայնը խոհանոցի խորքեն։ Անիկա՝ պարտեզին սեմին վրա կանգնած, գոռում֊գոչումով կպատասխաներ զայրացած հրեուհիներու, որոնք անեծք և նզովք կթափեին անոր գլխուն: Վիկտորյան աչքով նշան ըրավ Միհրանին, որ երթա հասկնա, թե ի՞նչ կա։ Երբ Միհրանը մտավ խոհանոց, տեսավ, որ Իպրաքսե հորաքույրը քղանցքը հանզրիճած և փեշերը կապած մեջքի գոտիին մեջ, երեսը դեպի պարտեզը, վտիտ և ոսկրոտ բազուկները շարժելով կշարունակեր գոռալ: Անոր ետևը ծածկված էր տալոջը տղան՝ Սեփոնը, գեր, կարմիր այտերով, անբան աչքերով պատանի մը, որ կծիծաղեր, ծամածռություններ կըներ և երբեմն լեզու կհաներ հրեուհիներուն հասցեին։ Սեփոնը Միհրանին պատմեց, որ ինքը գացեր թքեր էր հարևաններու կերակուրին մեջ, որ կաթսայով կպատրաստեին պարտեզին անկյունը, և այդ եղեր էր կռիվին պատճառը։ Իպրաքսեն կպաշտպաներ իր ագգականը, որովհետև, իր կարծիքով, ինչ որ ալ պատահած ըլլար, քրիստոնյա մը միշտ իրավունք ուներ հրեաներու դեմ, որովհետև Սեփոնը, որուն հայրը խանութ ուներ շուկային մեջ, շնորհքով մարդու տղա էր և, վերջապես, որևէ կռվի մեջ, ինչ որ ալ ըլլար դրդապատճառը, պետք չէր «տակը մնալ»։