Այս էջը սրբագրված է

Բացի մրցակիցները, կային իրարու համախոհներ, որոնք իրարու հետ կհաղորղակցեին ակնարկներով, մատներու հազիվ նշմարելի շարժումներով:

ժամը 9֊ին, երբ վերջին գնացքին հասնելու հույսը պակսեցավ, նոր միջնորդներ մտան սրահ. ասոնք հյուրանոցներ կառաջարկեին և լեզու չի գիտցողներուն կգովեին հայի և Հույնի պանդոկներ, ուր աժան գիներով կարելի Էր գտնել Պոլսո ճաշերը, մաքուր սենյակ և այլ դյուրություններ։

Աղմկալի սակարկություններ, վեճեր, հայհոյություններ կբռնեին մթնոլորտը, որուն մեջ Պոլսեն եկած ճամփորդները կարող Էին մոռնալ, որ ուրիշ երկրի մեջ են. անոնք, կարծես, իրենց հետ բերեր Էին Ղալաթիո քարափը, և այդ տպավորությունը թ՛ե վստահություն կներշնչեր իրենց, թ՛ե անվստահություն։ Շուտով լուր տարածվեցավ, որ առարկաներ անհետացեր են… ճամփորդները մոտեցան իրենց իրերուն և սկսան հսկել, որ նոր գողություններ չկատարվին. այդ միջոցին մտան մաքսային քննիչները։ Անոնք կկրեին կեպի և իրենց ուսերուն վրա ունեին քննիչի նշանները։ Իրենց ետեվեն մտան երեք զույգ, հսկա հասակով, քաղաքապահներ, որոնք իրենց գլխին ունեին ուրիշ ձևի կեպիներ և իրենց ուսերուն վրա կկրեին լայն պելերիններ։

Անմիջապես լռությունը տիրեց սրահին մեջ։

Բարպան, անձնատուր իր լուռ բավականության, ո՛չ կտեսներ և ո՛չ կլսեր մաքսատան խառնիճաղանջ մանրամասնությունները. երբեմն նշանակալից կերպով անիկա կնայեր Վիկտորյային և Միհրանին, որոնք թեև հոգնած, բայց համբերությամբ կսպասեին այդ բոլորի վախճանին։ Բարպան, իրար ետևե ծխելով, կջանար միտքը կեդրոնացնել իր երազներուն վրա, որոնք իրեն կթվեր, թե դարձեր Էին շոշափելի այն պահեն ի վեր, որ տեսեր Էր եռագույն դրոշակը մաքսատան գլխավոր շենքին վրա։ Այն մտածումը, որ այդ երեք գույներու՝ ազատության, հավասարության և եղբայրության, հովանիին տակ կգտնվեր ամեն ինչ իրեն կդարձներ ոչ միայն տանելի, այլև ամեն ինչ տեսներ ուրիշ կերպով, կմեկնաբաներ իր ցանկության համեմատ։

Երբ հանկարծ լռություն տիրեց սրահին մեջ, անիկա