Այս էջը սրբագրված է

որպեսզի այդ ֆրանսիացի պաշտոնյաները վատ կարծիք չկազմեն իր մասին. անիկա վերարկուի գրպանեն հանեց չորս ծրար ծխախոտը, որ մնացեր էր իր ճամփորդության պաշարեն, և դրավ գույքերուն մոտ։ Իր բծախնդիր օրինապահության մեջ Բարպան պիտի ուզեր դեռ շատ բան ունենալ հայտարարելիք, բայց, դժբախտաբար, բացի անձնական գործածության իրերը, ոչինչ չուներ։

Վիկտորյան՝ հակի մը վրա նստած, հանգիստ կսպասեր, երբ միջնորդ մը մոտեցավ անոր և բան մը փսփսաց ականջին.

֊ Տե՛ս, Բարպա, ի՛նչ կըսե կոր,— ըսավ անիկա ամուսնույն։

Մաքսատան պաշտոնյան ավարտեր էր իր կողքի ճամփորդին գույքերու քննությունը և պիտի անցներ իրեն։ Միջնորդը ըսավ Բարպային խորհրդավոր եղանակով.

—Սա տեղեն տասը ֆրանկնոց մը անցուր ինձի։

—Ինչո՞ւ,— հարցուց Բարպան։

—Հերիֆին ձեոքր դնեմ, ծրարնիդ հարևանցի կնայի։

Բարպան բուռն կերպով զայրացավ։

—Աստեղ ատանկ բան չկա,— ըսավ ան համոզված շեշտով։

—Քեզի համար կըսեմ կոր է…— պնդեց խուլ ձայնով միջնորդը,— չէ նե խերդ կանիծեն, թել֊թել կնային…

—Կաշառք տվողը ստացողին չափ հանցավոր է, — ըսավ Բարպան,— աստեղ Թուրքիա չէ…

—Ծո՛, ի՜նչ ախմախ մարդ ես եղեր, բե՜…— գոչեց միջնորդը զարմացած և հուսախաբ,— դհա քեզի պեսին չէի հանդիպած…

Այդ միջոցին մաքսատան պաշտոնյան հարցուց.

-Որևէ բան ունի՞ ք հայտարարելու…

Միհրանը վրա հասավ։

—Ալկոհոլ, խմիչք, ծխախոտ, դանտել, գորգ, հնություն, մետաքսեղեն,— շարունակեց մարդը մեքենաբար։

—Ոչինչ չունինք,— ըսավ Միհրանը՝ առաջ անցնելով։

—Ունի՚նք,— պնդեց Բարպան, ծխախոտի ծրարները ցույց տալով։

Պաշտոնյան զսպված զայրույթի ծամածռություն մը