Երբ Բերա բարձրացան և կողք-կողքի կքալեին բազմամարդ և լուսավոր փողոցներու մայթերու վրայեն, Վիկտորյան Միհրանին խոսեցավ զանազան ծրագիրներու վրա, որոնք իրականացումով, առանց Բարպային վրա բեռ ըլլալու, կմտածեր, թե պիտի կրնար հայրը դուրս բերել իր թշվառ վիճակեն։
Բայց անոնք այդ գոհունակությունը չունեցան։ Ճիշտ է, որ Վիկտորյան երկու անգամ հաջողեցավ քիչ մը դրամ ղրկել Սկյուտար, բայց Միհրանն այլևս հայրը չի տեսավ։ Անիկա կաթված ունեցավ և իր թաղի աղքատախնամի միջնորդությամբ փոխադրվեցավ Եդի-Կուլեի ազգային հիվանդանոցն, ուր և մեռավ այնպիսի օրերու մեջ, երբ մայրաքաղաքի ամբողջ ազգաբնակչությունը, շունչը բռնած, ակռաները սեղմած, կսպասեր վերահաս և ահռելի դեպքերու։
Բարպան, իր մտադրության համեմատ, Միհրանը դրեր էր Սեն-Վենսան-դը-Պոլի միաբանության պատկանող ֆրանսիական դպրոցի նախակրթարանը, որը մեկ խոսքով կկոչեին ֆրերներու դպրոցը։ Բայց, հակառակ, որ Միհրանը փայլուն հաջողությամբ ավարտեր էր նախակրթարանի դասընթացը, ֆրերները դժվարություն կհանեին պատանին անցընելու վերի դպրոցը, բուն կոլեջը։ Նախ առարկեր էին, որ կոլեջի վարձքը շատ բարձր է, և արհեստավոր մը չի կրնար վճարել մինչև վերջը։ Բարպան հայտներ էր, թե պատրաստ է առաջուց ամբողջ տարեկանը վճարել, այն ատեն ֆրերները առարկեր էին, թե խնդիրը միայն այդ չէր, նկատի ունենալով, որ կոլեջը կհաճախեն բարձր դասու պատկանող պատանիներ, անհարմար կգտնեին, որ բանվորի կամ արհեստավորի տղան մտնե այդ շրջանակին մեջ, թե այդ մերժումով ֆրերները, մասնավորապես, նկատի ունեին թեկնածուին շահերը, քանի որ իր նիստուկացով, հագուստ-կապուստով կրնար իր ընկերներու կատակներուն և ծաղրանքին առարկա ըլլալ և թե, վերջապես, փորձով տեսած էին, որ արհեստավորներու տղաքը, մանավանդ երբ կաթոլիկ չէին, դժկամությամբ կենթարկվեին կոլեջի ռեժիմին ու չէին ուզեր պարտադիր բոլոր կրոնական պարտավորությունները կատարել, ինչ որ հառաջ կբերեր անախորժություններ և գայթակղություն կըլլար մյուս անմեղ