Այս էջը հաստատված է

Եվ մորեղբայրը կլողար երանության մեջ և շնորհակալությամբ կնայեր Միհրանին, ինչպես եթե անիկա այդ խոսքերը ըսելով անձնական բարիք մը ըներ իրեն։

Բարպան ուրեմն հաստատ որոշած էր, հակառակ արգելքներուն, Միհրանը դնել ֆրերներու կոլեջը, որուն վրա տոնական օրերուն եռագույն դրոշակը կծածաներ, բայց և միևնույն ատեն կմտատանջվեր այն բանով, որ ֆրերներու դպրոցին մեջ իր քեռորդին պիտի ենթարկվեր պապական եկեղեցիի պրոպականդին։ Որքան անսահման վստահություն և հարգանք ուներ անիկա դեպի ճշմարիտ եվրոպացիները, այնքան ավելի խոր արհամարհանք կսնուցաներ դեպի տեղացի «լատին»-ները, թաթլը սու ֆրենկները։ Այն վախը, որ Միհրանն ալ օր մր կրնար դառնալ այդ ապազգայնացած, դեմք և բնություն վախած, թեթևսոլիկ լևանտեններեն մեկը, լուրջ մտահոգություն կպատճառեր։ Սրճարանին կամ Բոմոնթիի գարեջրատան մեջ, ուր կհավաքվեին իր արհեստակիցները, Բարպան կխոսեր իր այդ հոգերու մասին և միշտ արձագանք կգտներ իր ընկերներու մեջ։ Ոչ թե Բարպան և իր ընկերները լուսավորչական եկեղեցիին կապված էին կրոնական զգացումներով, անոնք ընդհանրապես անտարբեր էին իրենց ազգային եկեղեցիներու պաշտպանման՝ կաթոլիկներու կամ բողոքականներու ոտնձգություններու դեմ։ Ամեն պարագային անոնք շեշտված կերպով հակակղերական էին և մեծ քրքիջներով կպատմեին հայ և հույն քահանաներու տգիտության և շահասիրության մասին դրվագներ։ Իսկ բարձրաստիճան եկեղեցականներու շահատակություններն անսպառ աղբյուր էին զվարճալի, արկածալի և երբեմն ալ ցոփական պատմություններու։ Երբ քիչ մը քեֆ կըլլային, առանց ետև-առաջ մտածելու, լիաթոք խնդալով անոնք կպատմեին ոչ միայն նոր, այլև իրենց ծնողներեն և պապերեն ավանդաբար հասած անեկդոտներ։

Բարպա Խաչիկը լուռ և ժպտուն կլսեր, և անոր խոհուն դեմքը կպարզվեր, երբ փաստերը կկուտակվեին կղերականներու ձրիակերության, ապիկարության և լրբության մասին։ Բայց եթե Միհրանը հետն ըլլար, և պատմությունը շատ սանձարձակ դառնար, մեկ հոնքը կբարձրացներ ճակտին վրա