Այս էջը հաստատված է

և մատներովը պեխին մեկ փունջը բռնելով կըսեր կես-լուրջ, կես-հեգնական․

— Հերիք է, պատին վրա ճանճ կա։

— Ըսել կուզես, բուլղուրը քարոտ է,— կհարեր ընկերներեն մեկը և թափ մը կուտար Միհրանի գլխին։

Բայց էսնաֆին համար կղերի գերազանց տիպարը, որ իր մեջ կխտացներ այդ դասակարգի բոլոր թերությունները և բան մըն ալ ավելի, ճիզվիտն էր։ Միհրանը երկար ատեն չէր կրնար հասկնալ, թե ի՞նչ է ճիզվիտը։ Անիկա իրեն կներկայանար իբրև հեռավոր և խորհրդավոր չարիք, որ, սակայն, դարանակալ կսպասեր և ամեն րոպե կարող էր խուժել իրենց վրա։

Այդ բառն ավելի որոշ պատկերացում ունեցավ իր մտքին մեջ, երբ տեսավ Բարպայի գործատերը՝ Զարեհ էֆենդին, որուն արհեստավորները ճիզվիտ մակդիրը տվեր Էին։

Այդ ժամանակ Զարեհ էֆենդին հիսունը թևակոխած մարդ էր, նիհար, բարձրահասակ, ճերմակ մազերով։ Միշտ խնամքով հագված, գլուխը ծածկած կլոր եվրոպական գլխարկով, որը փութկոտ շարժումով մը կհաներ, երբ արհեստանոց մտներ կամ դուրսը մեկու մը բարևեր։ Անոր նիհար և երկարավուն դեմքը կվերջանար սուր ճերմակ մորուքով, որ, հակառակ իր ջանքերուն, քիչ մը շեղակի կկենար։ Անոր ճերմկոտիկ դեմքին վրա ուշադրություն կգրավեին սև, բարակ հոնքերը և սև մեծաբիբ աչքերը, որոնք խոր ակնակապիճներու մեջ երբեմն երազուն, երբեմն ալ խուսափուկ նայվածք մը ունեին։ Ամառ թե ձմեռ ան կկրեր բաց գույնի կաշվե ձեռնոցներ, որոնք կգործածեր իմաստալից կերպով։ Երբ կարևոր հաճախորդի մը կամ երևելի մարդու մը հանդիպեր, Զարեհ էֆենդին անհանգիստ արագությամբ մը կհաներ երկու ձեռնոցները, կնետեր սեղանին վրա կամ կմխրճեր գրրպանին մեջ, պարի քալվածքով մը ընդառաջ կուգար և երկուտ ձեռքերով բռնած, կսեղմեր իրեն երկարած ձեռքը։ Նվազ կարևոր անձնավորության համար կհաներ աջ ձեռնոցը, կպահեր ձեռնոցավոր ձախին մեջ, քիչ մը վեր բռնած, և մերկ աջովը կսեղմեր խոսակցին ձեռքը։ Երկու պարագային ալ իրանը կհակեր դեպի առաջ և դեմքը կկարկառեր դեպի