խոսակիցը՝ լարված ուշադրության արտահայտությամբ։ Բայց կային մարդիկ, որոնք չէին արժանանար Զարեհ էֆենդիի մերկ ձեռքին և նույնիսկ, երբ ձեռք կերկնցնեին, կսեղմեին միայն անոր ցուցամատը և միջնամատը՝ իրար միացած։ Արհեստավորները շատոնց գիտեին այս նրբությունները, և երբ մեկը կմոտենար գործատերին, անոնք զվարճացող աչքերով կհետևեին ձեռնոցներու արարողության։ Անոնց աչքեն չէր վրիպած նաև Զարեհ էֆենդիին նեղ շրթունքներուն վրա թառած պատրաստի ժպիտը, որ կդառնար բարեհաճ, երբ կխոսեր հաճախորդի մը կամ անոր փոխանորդին հետ. ձեռքերն իրար շփելով և սակարկության ընթացքին առնելով այնպիսի հեզ երևույթ, որ կարծես թե կամավոր զոհողություն կըներ, իբրև հատուկ քաղաքավարություն, միայն տվյալ անձի վերաբերմամբ։
Միհրանը դեռ այն ժամանակ, հակառակ իր արթուն հետաքրքրության, մեծ բան չէր գիտեր Զարեհ էֆենդիի վերաբերմամբ, թեև գրեթե ամեն օր կլսեր անոր կատարած խարդախություններու և մանվածապատ խորամանկություններու մասին։ Գիտեր, որ անիկա կաթոլիկ էր, եղել էր հասունական, բայց այդ կուսակցության պարտութենեն հետո «յուղի պես ջուրին երեսը ելեր էր», ինչպես կըսեին իր բանվորները, և այժմ անիկա իր համայնքի գերագույն խորհրդի անդամ էր, ազդեցիկ անձնավորություն և իր գործերը կղեկավարեր ինչպես վարպետ նավավարն իր նավակը անվտանգ կանցընե խութերու մեջերեն։
— Ծո՛, ինչ ճիզվիտ մարդ է,— կըսեին արհեստավորները, ակնարկելով Զարեհ էֆենդիին մեկ հաջողության հարևան և մրցակից Արիստաքի էֆենդիի դեմ, որ, իր կարգին, իր անսրտության և անխիղճ շահագործման համար, ստացեր էր Դըրջան մակդիրը։
Ամառը կհառաջանար,և դեռ Բարպան որևէ գործնական միջոցի չէր դիմեր Միհրանը կոլեջը մտցնելու համար։ Օր մը կոշկակար Սարգիսը, որ Խաչիկի սիրած ընկերներեն մեկն էր և ողջամիտ մարդու համբավ ուներ, ըսավ անոր․