— Ինչո՞ւ չոճուխը Կեդրոնական վարժարանը չես դըներ. կըսեն կոր, նոր տնօրեն բերեր են, խնամակալությունը վերակազմվեր է, հիմակ շատ աղեկ է։ Ես մանչ զավակ ունենայի, հեչ չէի մտածեր, ատ ֆրենկներուն քիթին հոտն ալ չէի քաշեր։
Բարպան լուռ լսեց, կարծես հավան էր, բայց ան չէր կրնար հրաժարիլ իր վաղեմի երազեն։
— Միհրանը խելքը գլուխը տղա է,— ըսավ անիկա,— ֆրերներու քով ուսմունքը կառնե, ուրիշ բանի ականջ չի կախեր։ Թող աղեկ ֆրանսերեն սովրի ետքը կտեսնենք։
Վիկտորյան Միհրանին հաղորդեր էր, որ Բարպային նրպատակն է, հետո, քեռորդին ղրկել Եվրոպա, համալսարանական կրթություն տալ անոր։ Այո հեռանկարը շլացում կպատճառեր Միհրանին և բոլոր հոգվովը կցանկար, որ Բարպան միջոց մը գտներ հաղթելու համար ֆրերներու հանած արգելքներուն։ Խանդավառ պատանին մտադիր էր տոկալ բոլոր դժվարություններուն, անտրտունջ կրել ծաղր ոտնախատինք, բայց հասնիլ իր նպատակին։ Անիկա չէր համարձակեր իր ներքին տվայտանքներու մասին խոսիլ մորեղբորը, բայց անկեղծորեն սիրտը կբանար Վիկտորյային և միասին, երբեմն խոհանոցին, երբեմն սենյակին մեջ, երկարորեն կորոճային գալիք օրերու երջանկությունը։ Ապրիլ ազատ երկրի մեջ, ազատ մարդոց հետ․․․ Կարծես քստմնելի ցնցոտի մը փակչեր էր իրենց մարմիններուն և կուզեին թոթափել այդ բոլոր կեղտը և վերածնվիլ նոր կյանքի համար։ Միհրանն ալ սկսեր էր Բարպային պես մտածել, որ ինչ որ կար զզվելի և անտանելի Կ․ Պոլսո մեջ, իսպառ չի կար Եվրոպայի մեջ։ Ո՛չ Ճիզվիտի նման մարդիկ, ո՛չ Դըրջաններ, ո՛չ այն գարշելի թշվառությունը, որուն մեջ տապլտկեր էր Միհրանին մանկությունը և որուն քստմնելի պատկերը տեսեր էր այնքան ուրիշ տուներու մեջ․․․ Այնտեղ, քաղաքակիրթ Եվրոպայի մեջ, չի կային ո՛չ ոստիկաններու բրտությունները, ո՛չ կաշառակեր պաշտոնյաներու անպատկառությունը, որոնց մասին կլսեր ամեն օր, ո՛չ անարդարություն, որուն զոհ կերթային աշխատող, ապրող մարդիկ, և ոչ ալ