Այս էջը հաստատված է

այն անբարեխիղճ հաճախորդները, որոնք շքեղ կառքեր շինել կուտային և դրամը չէին վճարեր: Այդ բոլորը Միհրանը, Բարպային նման, կկարծեր, թե հատուկ էր իրենց երկրին և կուզեր թև առնել, խուսափիլ այդ բոլորեն:

Եվ սրտին զեղումը հայտնելու համար կնետվեր Վիկտորյայի վիզը և լալու աստիճան հուզվելով՝ կըսեր.

— Գիշեր–ցորեկ կաշխատիմ, բժիշկ կըլլամ, կհաստատվիմ Փարիզի կամ Մարսիլիայի մեջ, ձեզ ալ բերել կուտամ․․․

— Ա՜խ, երանի թե,— կըսեր Վիկտորյան իր կարգին հուզվելով և Միհրանին կպատմեր մանրամասն Բարպայի հանդիպած դժվարություններու մասին կոլեջի կողմե:

Օր մը, երբ այսպես կխոսեին, Վիկտորյան ըսավ Միհրանին.

— Այդ գործը Զարեհ էֆենդին կրնա հաջողցնել. անոր տղան ալ կերթա ֆրերներուն կոլեջը, բայց Բարպան չուզեր Ճիզվիտին մյուննեթին տակ մնալ։

Ու Վիկտորյան մնաց մտախոհ։ Միհրանը համոզված էր, որ անիկա իր կանացի նրբամտությամբ հնարքը պիտի գտնե այդ գաղափարը ընդունիլ տալու Բարպային։

Իրիկուն մը Բարպան սովորականեն կանուխ տուն եկավ և հայտնեց, որ դեմիրճի Հակոբը և ատաղձագործ Ղուկասը պիտի գան տուն, որովհետև խոսելիք ունեին։ Տանը մեջ ամեն բան կար, բայց Բարպան մեզեի համար իրեն հետ բերեր էր լայն շերտ մը լաքերտա, կարմիր սոխ և խավյար։

Բարպան քանի օրերե ի վեր մտատանջ էր. անիկա, ընդհանրապես սակավախոս, բոլորովին լուռ կմնար ճաշի ժամանակ, հետո, նույնպես լուռ, կխմեր խահվեն, դանդաղորեն կոլորեր սիգարեթը և կծխեր ինքնիրենը խորհրդածելով. «աչքով, ունքով խոսելով», ինչպես կըսեր Վիկտորյան։ Միհրանը և Վիկտորյյան սկսան սեղան դնել։ Սենյակի մեջտեղի կլոր սեղանը ծածկեցին ճերմակ սփռոցով և անոր վրա դրին փոքր պնակներով խաշված լուբիա, երեսը ծածկված մանր ջարդված սոխով և ազատքեղով, ճերմակ բողկ։