կանանչ սալատ, պղպեղի և բատլիճանի թթու և ռազիանով համեմված կանանչ ձիթապտուղ, որ Վիկտորյան կպատրաստեր հատուկ խնամքով և որը միշտ հրճվանք կպատճառեր Բարպայի հյուրերուն։
Սեղանին վրա դրին նաև Բարպային բերած մեզեները, և Վիկտորյան Միհրանը ղրկեց նպարավաճառին՝ խաշեր պանիր բերելու, մինչ ինքը պնակի մը մեջ կշարեր փոքր, քառակուսի պատառներու վերածված հացը։
Ամառվան տաք օր էր, բայց մայրամուտեն հետո քամին բարձրացել էր, և բաց պատուհաններու առաջ ճերմակ վարագույրները կշարժեին մեղմորեն։ Ռեհանի թաղարը, որ դրված էր մեկ պատուհանին առաջ, իր ամբողջ բուրմունքը կարտաշնչեր։ Մաքուր և զվարթ սենյակը, իր դեմառդեմ բազմոցներով, որոնք ծածկված էին կապույտ և գորշ շերտավոր կտավով, կներշնչեր հյուրընկալ քաղցրություն և բարօրություն։ Ինչքա՜ն անգամներ, հետագային, Վիկտորյան պիտի հիշեր այդ սենյակը դառն կարոտով և հուսահատ կսկիծով․․․ Այդ սենյակին մեջ եղող ամենադույզն մեկ իրն առողջ և ճարտար արհեստավորի՝ Բարպա Խաչիկի, արդար վաստակի արդյունքն էր։ Ինչքա՜ն անդամներ նաև Բարպան առիթ պիտի ունենար մտածելու, որ այնտեղ, ուր իրավունքներ ունեին, իրենց կզգային օտար, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց աշխատանքը կհամարեին առժամանակյա և իրենց բոլոր հույսը դրեր էին հեռավոր և անծանոթ բանի մը վրա, որուն կձգտեին բոլոր ուժերով։
Այդ նույն սենյակին մեջ կոմոդի մարմարին վրա սկսած էին դիզվիլ այն ֆրանսերեն գրքերը, որ Բարպան Դասկալոսի պատվերով կգներ, տուն կբերեր, որպեսզի Միհրանը կարդար և թարգմաներ իրեն համար։
Դասկալոսը հույն ծերունի վարժապետ մըն էր՝ ճաղատ գլխով, լայն ճակատով, ծայրը դեպի վեր ցցված քիթով, որ քառասուն տարի ծառայելե հետո Պոլսո և գավառներու հունական վարժարաններու մեջ, շնորհազուրկ եղեր էր աթե ըլլալուն համար և կորսնցուցեր էր իր պաշտոնը և հանգստյան թոշակի իրավունքը։ Հոբի պես աղքատ և ընտանեզուրկ այժմ անիկա քարշ կուգար սրճարանները և երկարորեն