կխոսեր իր շնորհազրկության պատճառին վրա, ոչ առանց հպարտության։ Հույն թե հայ, թաղին արհեստավորները կսիրեին և կհարգեին ծերունին, կհոգային անոր առօրյա պետքերը և կմիջնորդեին, որպեսզի սրճարանի տերերը գիշերը անկյուն մը հատկացնեին անոր։ Ընդհանրապես, ականջ չէին կախեր Դասկալոսի ճառերուն, բայց համբերությամբ կվարվեին իրեն հետ և անոր կարգ մը արտառոցությունները կվերագրեին այն բանին, որ «ֆիլոզոֆ» մարդ էր։ Ոմանք ալ կմտածեին, թե Դասկալոսը, շատ ուսմունք ստանալով, «խելքին զտրար տվեր էր»։ Դասկալոսը բացի հին և նոր հունարենը, գիտեր ֆրանսերեն և անգլիերեն և բոլորովին անուս արհեստավորներու կխոսեր անտիկ իմաստուններու մասին այնպիսի անմիջական շահագրգռությամբ, որ կարծես թե ընտանի մարդիկ ըլլային։
— Արիստոտելը ըսավ որ․․․
Երբեմն կատակի համար, երբեմն նույնիսկ լրջորեն, արհեստավոր մը սրտնեղած կգոչեր.
— Ո՞վ է, տո՛, այդ հերիֆը․․․
— Հին և մեծ Հելլադայի իմաստուններեն մեկը․․․
Երբեմն ալ, սակայն, կպատահեր, որ ամբողջ սրճարանի հաճախորդները կդառնային ուշադիր, կլսեին ծերունին, որ կխոսեր որոշ պերճախոսությունով. ընդհանրապես, Դասկալոսը կխոսեր այն մասին, որ հին Հունաստանը եղեր էր մայրը և դաստիարակը քաղաքակիրթ ազգերուն և թե մինչև այսօր անոր իմաստունները, բանաստեղծները, արտիստները և հերոսներն օրինակ կծառայեին։ Բայց այդ նույն անտիկ Հունաստանի այսօրվան ապասերած զավակներն անտեղյակ էին այդ բոլորին և ի վիճակի չէին տեր դառնալու այդ փառավոր ժառանգության։
Դասկալոսի ունկնդիրները հետզհետե կդառնային երազուն, ոմանք կհառաչեին, մինչև որ նորեկ մը մտներ և խոսելով առօրյա խնդրի մը վրա, խզեր հմայքը։
Երբեմն ալ Դասկալոսը կանհետանար, կերթար հեռավոր թաղեր, որոնումներ կկատարեր։ Անիկա կվերադառնար Բանկալթիի սրճարանները, գրպանները լեցուն հին գրքերով, որոնք ձեռք կանցըներ չնչին գիներով։ Բանվորները կգնեին