այդ գրքերը Դասկալոսին օգնելու համար և տանը անկյուն մը կդնեին կամ իրենց երեխաներու ձեռքը կթողեին իբրև խաղալիք։ Դասկալոսը այդ գիտեր, բայց չէր վշտանար։ Անիկա համոզված էր, որ այդ գրքերեն մեկը օր մը պիտի դառնա այն կայծը, որ հրդեհ հառաջ պիտի բերե։
— Ես կնետեմ սերմը,— կըսեր ան,— հողի և ժայռի վրա. հողը խոպան է, բայց օր մը սերմը կծլի, ու դուք ինձ կհիշեք, դուք, մեծ և փառապանծ Հելլադայի անտեղյակ ժառանգորդներ։
— Դասկալոս, հինը թողունք, նորը նայինք,— կըսեին ոմանք, զինքը հանգստացնելու համար։
Բայց անիկա ուրախ և անփույթ մարդ էր և երբեք չէր վիրավորվեր։ Կարծես թե կխոսեր խոսելու հաճույքին համար և իր ձայնը լսելով ինքը անձնական հրճվանք կզգար։
Դասկալոսի մեծ հաճույքն էր նաև կնքահայր ըլլալ նորածիններու, հակառակ որ աթե էր, խզված էր հույն պատրիարքարանեն և նույնիսկ խնդրած էր, որ իր մահվան պարագային դիակը չհանձնվի հույն եկեղեցիին։ Երբ հույն բանվորներեն մեկը նոր երեխա ունենար, Դասկալոսը կխայտար ուրախութենեն։ Բալալան իր վրա կառներ բոլոր ծախքերը, ծնողները լայնորեն կգոհացներ և Դասկալոսին կհանձնարարեր իրեն փոխարինել մկրտության ավազանին առաջ։ Դասկալոսը անբավ հրճվանքով կկատարեր այդ դերը, պայմանով, որ իր ընտրած անունը դներ նորածնին, և այդ կըլլար միշտ հին Հելլադայի հերոսներու և իմաստուններու անունները։ Թաթավլայի հունական խիտ փողոցներու մեջ կվխտային փոքրիկ Աքիլլեսները, Զենոբները, Սոֆոկլեսները, Արիստոտելները, Սոկրատեսները և Պղատոնները։ Երբ պատուհանե մը կամ դռան մը սեմին վրա հույն մայրեր իրենց որդիները կկանչեին և կամ այդ փոքրերն իրենց խաղի ոգևորության մեջ իրարու անուն կգոռային զայրույթով, հայհոյանքով, Բարպան ուրախությամբ կլսեր այդ հնչեղ անունները և երբեմն, առանձին մանչուկի մը անունեն դատելով, կըսեր․
— Դասկալոսի սաներեն է։