Այս էջը հաստատված է

կմերժեր այդ կարծիքը և իր անսահման լավատեսությունը կհիմներ իր անձնական և բարոյական ուժին վրա։

— Թող հուրիյեթը չի գար, տեսնենք ի՞նչ կըլլար քու հալդ,— կըսեին ընկերները։— Զընդաններու մեջ կփտտեիր, չոլուխ-չոճուխդ փերուշան կըլլային․․․

— Ծո՛, ատ խոսք է քի կընես կոր,— կըսեր Հակոբը անայլայլ վստահությամբ։— Թող ան իրիկունը մարըս էղիյետ չի քաշեր, Հակոբը չէր ըլլար․․․

Այդ իրիկուն, սակայն, դեմիրճի Հակոբն անսովոր կերպով մտահոգ կերևար և, ինչպես Բարպան, կարծես կզգուշանար խոսակցության բուն նյութին գալու։ Անոնք նախ խոսեցան տոթերու մասին։ Անընդհատ հարավային տաք քամի էր, և հակառակի նման ստիպողական գործ ունեին։ Դժվար էր այդ տոթերուն հնոցին առաջ աշխատիլ, արյուն-քըրտինք թափել։ Հետո Բարպան Հակոբին հարցուց երեխաներուն մասին։

— Մենծը ինքզինքը գտավ,— պատասխանեց Հակոբը օղի մը խմելով,— բայց պստիկը յաման բան է․ նորեն աղեկ է, որ ուսուցիչը կսիրե կոր չոճուխը, զսպվելիք շուն չէ, ուրիշ դպրոց ըլլար, տասն անգամ վռնդած կըլլային։

Անտարակույս, Հակոբը տեղյակ էր Բարպայի դիտավորությանը Միհրանը կոլեջ դնելու մասին, անիկա պեխերը շոյելով ավելցուց․

— Նորեն թաղային վարժարանը մեր տղոց համար ամենեն աղեկն է, Բարպա, գեշ, աղեկ մերն է․․․ պետք ըլլա՝ կխառնվինք, ձայն ունինք մեջը։

Բարպան պահ մը լուռ մնաց և հետո ըսավ․

— Ժամանակները փոխված են, Հակո՛բ, մեյ մը միտքդ բեր մեր հայրերու ժամանակը և հիմակ․ երբոր տղաքը մեծնան, ա՛լ ավելի կփոխվի։ Տես, ի՞նչ էինք, ի՞նչ եղանք․․․ որո՞ւ միտքեն կանցներ, որ հուրիյեթ կըլլար։

— Ամա՜ն, ճանը՛մ Բարպա՛,— ընդմիջեց Հակոբը,— ի՞նչ եղանք․․․ քու գրպանդ բան մը մտա՞վ․ շահողը շահեցավ, խնդացողը խնդաց, մեզի ի՞նչ։ Չէ մի որ նորեն օջախին առաջքը կեցած երկաթ պիտի ծեծենք․․․

— Ատ ալ ճիշտ է,— ըսավ Բարպան մեղմ ձայնով։