Այս էջը հաստատված է

կմեծնան, իրենք մեզ կապրեցնեն. մեր հարստությունը, մեր պահ դրած դրամը, Բարպա՛, մեր զավակներն են։

Բարպան Միհրանին կողմը դարձուց ակնարկը և ըսավ․

— Հիմակ ես ալ չոճուխ մը ունիմ։

Հակոբը սթափվեցավ, իր կարգին Միհրանին նայեցավ և իր խոսքերը դարմանելու համար ըսավ․

— Հապա, Միհրանիկ, քեզ նայիմ․․․ ասլանի պես կենաս Բարպայի մեջքին, անոր ծերության նեցուկը ըլլաս։ Եկուր, տղա՛ս,— ավելցուց անիկա եռանդով,— պատառ մը մեզե առ։

Բայց այդ միջոցին դուռը զարնվեցավ, և Միհրանը սենյակեն դուրս նետվեցավ դուռը բանալու համար։

Եկողն ատաղձագործ Ղուկասն էր, որ Միհրանի առաջք են սենյակ մտավ իր մշտնջենական վհատ դեմքով։ Անիկա միշտ դժգոհ էր և ամեն բանե կգանգատեր և եթե ուրիշ բան մը չգտներ գանգատվելու, ամառը կդժգոհեր տաքեն, ձմեռը՝ ցուրտեն։ Երբեմն Հակոբը հետը կիյնար և կըսեր․

— Ղուկաս աղբար, ինչո՞ւ նորեն ունքերդ կոճկեր ես․ կալյոննե՞րդ պաթմիշ եղեր են․․․

Ղուկասը անդարմանելի հոռետես էր, և երբ ընկերները որևէ բան առաջարկեին, անիկա կըսեր՝ «ատիկա չըլլար» կամ թե՝ «ատ ըսածդ մալիխյուլյա է։ Մեզ համար չէ»։

Անիկա բարձրահասակ էր և նիհար, գորշագույն աչքերով, կնտած պեխերով, որոնց մեջ ճերմակ ինկած էր։ Երեսը հաճախակի կածիլեր և միշտ արյունոտած սկրտուքներ կըլլային այտերուն, բայց մանավանդ թուշին վրա։ Անիկա կխոսեր կիրքով, գլուխը թափ տալով իր երկայն վզին վրա, որուն աոաջքեն ադամագունդը կբարձրանար և կիջներ օսլայած օձիքին մեջ։ Գլխի բուռն շարժումներեն ֆեսին ծոպը կնետվեր դեպի առաջ, կտարածվեր ճակատին վերև, և անիկա հաճախ ֆեսը կհաներ, ծոպը կուղղեր և կրկին կծածկեր հերաթափ գլուխը, որուն ճաղատութենեն բարակ կիսամահիկ մը դուրս կմնար ֆեսի ետևեն։

Ատաղձագործ Ղուկասը վարպետ՝ արհեստավոր էր և իր բաժնի ավագը․ անիկա Բարպայի նման կստանար բարձրագույն աշխատավարձը, շաբաթական երկու օսմանյան ոսկի։