Այս էջը հաստատված է

— Հելպեթ առաջինը չէ,— ըսավ Հակոբը,— հիմակ սուլթան չի կա, Իբրահիմ փաշա ալ չի կա, որ երթա անոնց փեշին տակ մտնե, մեզի ալ մատնե, վախի, սարսափի մեջ պահե։

— Եվ կաշառք առնե,— ավելցուց Բարպան զզվանքով, որ մինչև այդ լուռ մնացեր էր։

— Ան չէ ամա, ինչո՞ւ ատ հին խաֆիյեն պահեր ենք էսնաֆի քեխյա։

— Որովհետև ոչ մեկ կարևորություն չունի,— ըսավ Բարպան․․․— ալ հիմակ քեխյային ձեռքը ի՞նչ է մնացեր։

— Ժամանակով,— ըսավ Ղուկասը,— էսնաֆը ուժով էր, իր կամքը կկատարեր։ Ֆըս մը անցունեին, Պոլսո բոլոր թաղերու էսնաֆները ոտքի կելլային, միություն կար, միաբանություն կար, անոր գյորե ալ քեխյաներ ունեին։ Այսօր ամեն մեկերնիս գլուխնիս քաշեր ենք մեր խրխային մեջ, ուրիշ բանի չենք խառնվիր։ Իմ առջի վարժապետս, ֆրենկը, ողջ է նե՝ ականջը խոսի, մեռած է նե՝ լուսերու մեջ պառկիր, շատ կհետաքրքրվեր էսնաֆությունով, մեծ կարևորություն կուտար, կըսեր, որ Փարիզի մեջ, անոր ըսածին նայելով, հոն ալ էսնաֆություն կար, մեյ մը ոտքի ելլային նե, թագավորները կդողային․․․ Հիմակ հոնտեղ ինչպես է չեմ գիտեր, բայց մենք շատ ջուրը քաշվեր ենք, մեջտեղը մարդ չի կա․․․ սո՞ւտ կըսեմ կոր․․․

Ղուկասը, տեսնելով, որ ո՛չ Բարպան և ոչ ալ Հակոբը չեն արձագանքեր իր խոսքերուն, շարունակեց.

— Մենք ի՞նչ կուզենք հիմակ, իրիկվնե իրիկուն տուն երթանք, կնիկնիս, չոլուխ֊չոճուխնիս առնենք նստինք։ Քանի գործ ունինք, փառք աստծո, ինչերնի՞ս կպակսի. ուտել է նե՝ ուտել, խմել է նե՝ խմել․․․ Կուզե նե դուրսը կրակ թափի, մեր ինչո՞ւն է պետք․․․ Բայց, Բարպա, Հակոբ, կհասկնա՞ք կոր ինչ կըսեմ կոր նե, օր մըն ալ ատ կրակը մեր գլխին կիջնե․․․ Ես կյանքիս մեջ շատ բան տեսած եմ, սոն փուշմանլըք բարա էթմեզ[1]։

  1. Վերջին զղջումը օգուտ չունի (թուրք.)