Այս էջը հաստատված է

Անիկա փոքր հասակեն սեր ունեցեր էր ուսմունքի և համարվեր էր ընդունակ աշակերտ Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանին մեջ, ուր ավարտեր էր իր նախնական ուսմունքը։ Բայց կարիքե մղված, մասամբ ալ հետևելով իր միջավայրի սովորություններուն, անիկա տասնչորս տարեկանին աշկերտ մտեր էր Գարաճա Ահմեդի արհեստանոցը։

Ժամանակին Միհրանի հայրը և մորեղբայրը միասին աշխատեր էին ուստա Հայրապետին քով, որուն համար կըսեին, թե «պապա մարդ էր և լավ արհեստի տեր»։ Խաչիկը շուտով դարձեր էր վարպետ։ Անիկա ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև հնարամիտ։ Անիկա կմնար արհեստանոցը աշխատանքի ժամերեն դուրս և երկաթի կտորներով, մուրճի ճարպիկ հարվածներու տակ կփորձեր շինել բաղեղի տերևներ, զանազան ծաղիկներ և զարդեր։ Ուստա Հայրապետը, նշմարելով Խաչիկի բացառիկ հատկությունները, օր մը ըսեր էր անոր․

— Օղլում, քեզի համար մեղք է հոս մնալը։ Իմ քովս ապագա չունիս։ Դուն պետք է որ Բեյօղլու երթաս, անտեղ ուրիշ է, անտեղի աստվածն անգամ ուրիշ է։

Եվ ինքը անձամբ առաջնորդեր էր Խաչիկը Զարեհ էֆենդիին մոտ, որ առանձին գործ բացեր էր իր նախկին գործատերին, որուն գործակատարն էր, Արիստաքի էֆենդիին արհեստանոցին ճիշտ քովը։

Զարեհ էֆենդին շուտով հասկցեր էր, որ Խաչիկը թանկագին աջակից կրնա ըլլալ իրեն։ Անիկա հավատարիմ մարդ էր, ձեռքը մաքուր և միևնույն ատեն ճարտար արհեստավոր։

Բերա փոխադրվելով, Խաչիկը շուտով ըմբռներ էր եվրոպական թաղերու և թուրք վյուքելայի պահանջները և քիչ ժամանակվա մեջ ձեռք բերեր էր հարկ եղած հմտությունը։ Անոր ձեռքին տակ երկաթը կդառնար ճկուն խմոր, որ կձևափոխեր իր մտքին մեջ ունեցած պատկերին համեմատ։ Հաճախ նաև հետամուտ կըլլար Եվրոպայեն եկած երկաթյա իրերը և զարդեղեններն ուսումնասիրելու և իր դարբնոցին առաջ համեմատաբար պարզ գործիքներով կիրագործեր տեսած մոդելը։

Զարեհ էֆենդին Խաչիկը նշանակեց ավագ վարպետ, իսկ