Այս էջը հաստատված է

հետագային անիկա փաստորեն դարձավ Զարեհ էֆենդիին գործակատարը։

Խաչիկը կզբաղեր, ուրեմն, մյուս բանվորներու աշխատանքով, ցուցմունքներ կուտար, աշխատանքը կդասավորեր խելացի կերպով և կբաժներ արդարությամբ։

Հայ թե հույն բանվորները, որոնք մեծ մասով իր աշակերտներն էին, կսիրեին Խաչիկը, կվստահեին անոր և խորհուրդներուն կհետևեին կուրորեն։ Անիկա երբեք չէր դավաճանած իր ընկերներու շահերուն, և ինչ որ կարևոր էր, այն էր, որ ճիշտ կըմբռներ այդ շահերը․ ըլլա բնազդով, ըլլա աշխատավորական զգացումով, անիկա անմիջապես կհասկնար, երբ Զարեհ էֆենդին իր շողոմ և մանվածապատ խոսքերով ուզեր որևէ ոտնձգություն ընել բանվորներու իրավունքներու մեջ։ Պատահած էր, որ արհեստավորներ, առանձին-առանձին, համաձայնած էին զիջում ընելու գինի վրա կամ ընդունելու արտաժամյա անվարձ աշխատանք։ Բայց երբ Խաչիկը կտեղեկանար, զիջող արհեստավորները կհամոզեր, կլուսաբաներ գործատերերուն խորամանկությունը և հետո ազդու կերպով կմիջնորդեր Զարեհ էֆենդիի մոտ, որպեսզի արհեստակցական շահերը, որոնք մեծ մասամբ հիմնված էին ընդունված սովորություններու վրա, մազաչափ չխախտին։

Բայց այդ ողջամիտ, իրատես, ծանրախոհ աշխատավորին մեջ սպրդեր էին գաղափարներ, որոնք հատուկ տրամադրություն մը ստեղծեր էին անոր մեջ։ Այդ տրամադրությունը, ընդհանրապես, առօրյա կյանքին մեջ չէր խանգարեր զենքը, բայց որոշ պարագաներու իր կշիռքը կստանար, կխզեր անոր ներքին ամբողջականությունը, կմշուշեր անոր բնական ողջամտությունը։

Դժվար էր որոշել, թե ինչպե՞ս, զանազան ուղիներով, այդ միտքերը եկեր հավաքվեր էին իր մեջ և հետզհետե համոզումի ուժ ստացեր էին։ Կ․ Պոլսո բոլոր արհեստավորները կընդունեին այդ դուրսեն եկած ալիքներն առավել կամ նվազ ուժգնությամբ։ Կիսաֆեոդալական Թուրքիո մեջ, ուր արհեստավորները դեռ շատ բան պահած էին էսնաֆական կազմակերպություններեն, մանավանդ ավանդություններ իրենց նախկին ուժի և պայքարներու մասին, սպրդեր էին