Այս էջը հաստատված է

հայ և հույն տաքգլուխ երիտասարդներ, որոնք կռվի բռնվեր էին ոստիկաններու և լրտեսներու հետ, երբեմն անձամբ երաշխավոր ըլլալով, իր գրպանեն կաշառք տալով, երբեմն ալ ուղղակի բողոքելով ոստիկանատան մեջ։ Բացի այդ, Վասիլը գիտեր, որ երբ Բարպան համոզվեր բանի մը ճիշտ և արդար ըլլալուն, նույնիսկ հախուռն կդառնար։ Ի՞նչ էր, ուրեմն, պատճառը։ Վասիլը մեծապես գնահատեր էր Բարպայի գործնական խելքը և գիտեր, որ անիկա ենթակա չէ տարտամ հավատալիքներու, ավելորդապաշտություններու, որոնց ազդեցության տակ կիյնային երբեմն նույնիսկ կյանքի փորձ ունեցած, որոշ իմաստության հասած, կրոնական նախապաշարումներե ազտագրված արհեստավորներ։ Այնպիսիները կային, որ գործնական կյանքի մեջ ըլլալով ողջամիտ և հավասարակշիռ, կհավատային երազներու նշանակությանը և ըստ այնմ կուրախանային։ Երբեմն ալ ընկերովի կամ առանձին կերթային հռչակ ունեցող կախարդներու մոտ, թուղթ բանալ կուտային և վճռական պատասխան կսպասեին իրենց անհանգիստ ընող հարցի մը մասին։ Երբ արհեստավորները կխոսեին այդպիսի նյութերու վրա, տեսակ մը ամոթի զգացումով չհավատալ կձևացնեին, բայց միևնույն ատեն զարմանազան փաստեր կբերեին կամ թե վկայության կկանչեին ժամանակակից կամ անցյալ հեղինակավոր մարդկանց օրինակը, որոնք, իբր թե, կհավատային երազներու և կախարդության, և, իբր թե, արհեստավորները զարմանալի կգտնեին, որ ուսյալ և խելացի մարդիկ կհավատային այդպիսի բաներու։ Այն ատեն Բարպան կսրտնեղեր և կջանար այդ ընկերներու միտքեն փարատել այդ վատառողջ մառախուղները։

Անգամ մը, սրճարանին մեջ, ուր Վասիլը ներկա էր, բողոքական պատվելի մը, շաբաթապահներու աղանդեն, կխոսեր հոգու անմահության և հետմահու կյանքի մասին։ Արհեստավորները կհեգնեին շաբաթապահը և հին կտակարանեն երկբայական դրվագներու մասին բացատրություն կուզեին, միամիտ ձևանալով։ Բարպան լուռ էր, բայց երբեմն զուսպ ժպիտի մը շողը կերևար անոր աչքերուն մեջ։ Շաբաթապահը, սխալ դատելով Բարպային լռությունը, ուղղակի