դիմեց անոր և կոչ ըրավ անոր, որ բարի օրինակ հանդիսանա։ Այն ժամանակ Բարպան պատասխանեց.
— Ա՛յ օղուլ, չե՞ս տեսնար կոր, որ քեզի համար հաց չի կա աստեղ. մենք երկաթի, փայտի հետ գործ ունեցող մարդիկ ենք, մենք չենք հասկնար, չենք ալ ուզեր հասկնալ չբռնվելիք, չտեսնվելիք բաները։
Շաբաթապահը սահմռկած մրմնջեց.
— Աստվա՛ծ, մեր տերը, կպատժե՛․․․
—Բե՜ հերի՛ֆ, աստվածը մենք ենք, աստվածը ես եմ,— գոչեց Բարպան սրտնեղած,— երբ սալին առաջ կոշտ երկաթի կտորով մը աղվոր բան մը կստեղծեմ․․․
—Կեցցե՛ս, Բարպա,— գոչեր էին արհեստավորները եռանդով,— բրոտին բերանը գոցեցիր։
Վասիլը, ուրեմն, հազար առիթներով հաստատապես գիտեր, որ Բարպան գործնական կյանքի մեջ, տանը, արհեստանոցի և սրճարաններու մեջ երբեք չէր խոտորեր առողջ դատողութենեն, բայց և այնպես կզգար, որ անառողջ կետ մը կար Խաչիկի մտածողության մեջ, որ արգելք կհանդիսանար երկու ընկերներու բացարձակ համախոհության, երբ անմիջական խնդիրներե դուրս կուգային, և երբ Վասիլը կցանկար ավելի հիմնական գործունեության մը մասին մտածելու։ Վասիլը երբեք չի պիտի սրդողեր, եթե Բարպան, որ միշտ սկզբունքով կընդուներ իր ծրագիրները, գործադրության եղանակներուն մեջ տարակարծիք ըլլար։ Ուրեմն, դեռ համիդյան ռեժիմի տակ Վասիլը «գլխե հաներ էր» մի քանի արհեստավորներ և ծրագրեր էին փոխադարձ օգնության դրամարկղ մը հաստատել։ Ընկերությունը պիտի ըլլար գաղտնի, քանի որ որևէ խմբակցություն կասկածելի էր բռնապետական ռեժիմի օրով։ Այն ժամանակ ալ Բարպան հաճությամբ լսեր էր Վասիլի ծրագրի մասին, բայց երբ տեղի էր ունեցեր Սկյուտարի յազմաճիներու մեկ կոոպերատիվ ձեռնարկի աղետալի վախճանը, որուն արձագանքները հասեր էին բոլոր թաղերու մեջ, Բարպան դիտել տվեր էր, որ իրենց ծրագիրն ալ նույն բախտին կարժանանար և իզուր կվտանգեին իրենց վստահող արհեստավորները։ Իսկ այդ ընկերակցությունը գաղտնի պահել, նախ՝ անկարելի էր, երկրորդ՝ այդպիսով իր բուն