Այս էջը հաստատված է

կային: Իր հին ծանոթներեն մարդ չէր մնացեր, բայց անիկա ներկայացեր էր իբրև այդ թաղեցի հին աշխատավոր և սրճարաններու մեջ միտքերը շոշափող խոսակցություններ ունեցեր էր։ Հետո գացեր էր Թերսհանե, ուր միայն թուրքեր կաշխատեին նավաշինության արհեստանոցներուն մեջ, գացեր էր Ստամբուլի թաղերը, ուր թուրք պայտարներ կային, մեծ մասամբ նախկին զինվորներ, խոսեր էր անոնցմե ոմանց հետ և իր հետազոտության արդյունքը հաղորդեց.

— Բարպա՛, մեր քիթին տակ ինչեր, ինչեր կան, մենք բանե խաբար չունինք։ Մարդիկ զառի-զառի կուլան կոր։ Պատառ մը հացի համար արյուն-քրտինք կթափեն կոր։ Անոնց վիճակը չի կարելի բաղդատել նույնիսկ մեր ամենեն չքավոր արհեստավորներուն հետ։ Բոլորովին տեր ու տիրական չունին։ Ասանկ ալ բան կըլլա՞, ճանը՛մ։ Շատ-շատերը ինձի ըսին. մենք ձեզի հետ ենք, մեկտեղ կգործենք, մեկտեղ ալ կմեռնինք, եթե պետք ըլլա, կըսեն կոր մարդիկը։ Գիտե՞ս, Բարպա՛, ինչ դելիխանլըներ կան մեջերնին։

Ինչպես առհասարակ արհեստավորները, Բարպան ցեղային նախապաշարում չուներ, բայց ուժեղ կերպով սինորի զգացում ուներ։ Պարզ էր, որ եթե իր թաղի արհեստավորներու մեջ թուրք աշխատավորներ ըլլային, կյանքի առօրյայի մեջ անիկա որևէ խտրություն չէր դներ։ Իր սինորի արհեստավորները խորապես կճանչնար, գիտեր անոնց ամեն մեկին բնությունը, գիտեր նաև անոնց ընտանեկան և անհատական ցավերը, կարիքները։ Գիտեր որո՞ւ պետք էր խնայել, որմե զոհողություն կարելի էր պահանջել և ի՞նչ կարգի։ Բայց Վասիլի ներկայացուցած մարդիկը յոթ օտարներ էին, իր բնության հակառակ էր անծանոթ մարդոց հետ այդպիսի գործի մեջ նետվիլ։

Բայց Վասիլի դիտավորությունները չիրագործվեցան ուրիշ պատճառով։ Սուլթան Համիդի դեմ մահափորձը, որ կոչվեցավ Ելդըզի դեպքը, ահաբեկման ենթարկեց մայրաքաղաքի ամբողջ ազգաբնակչությունը։ Գործը քննող հատուկ հանձնաժողովը, որ իր նիստերը կըներ Ելդըզի մեջ,