Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՎՈՍՓՈՐԻ ԳԵՂԱԾԻԾԱՂ ԱՓԵՐՈԻՆ ՎՐԱ

Այն իրիկուն, գարնանամուտի գաղջ և բուրումնավետ իրիկուն մը, երբ բոլոր գինետուներեն և փայտաշեն տուներու կիսաբաց դռներեն դուրս կհորդեր տապակված վահանաձուկի պարարտ հոտը, այն իրիկուն Միհրան Դեմիրճյանը տուն հասնելով լսեց, որ մայրը կրկին ծանրապես հիվանդ է։

Դրացիները գացեր կանչեր էին Իպրաքսե հորաքույրը, որ այդ տանը մեջ կերևար միայն աղետալի օրերուն: Անոր դաժանության հասնող երկար և տխուր դեմքը, որ երկուքի բաժանված Էր ոսկրոտ քիթով և որուն վերի երկու անկյուններու մեջ մանր աչքերը շիլ կնայեին, Միհրանի մանկական հիշողություններուն մեջ միշտ կապված էր դագաղի մը հետ։ Ան եկեր էր և օրերով մնացեր էր, երբ մեռեր էին իր մեծ մայրը, երկու փոքր եղբայրները և քույրը։

Երբ տանը կիսաբաց դռնեն ներս մտնելով՝ պատանին տեսավ բակի ստվերին մեջ անոր բարձր, նիհար և չարաբաստիկ հասակը, քղանցքները հավաքած գոտիին մեջը սիրտը սեղմվեցավ անձկությամբ։

— Այդ դո՞ւն ես, Միհրա՛ն,— ըսավ հորաքույրը առանց գորովանքի և արտորալով դեպի խոհանոցը,— մարըդ աղեկ չէ, պախալին աշկերտը ղրկեցինք հորդ ետևեն։

Հայրը, երկաթագործ Սահակը, կաշխատեր Գարաճա Ահմեդի թրքական թաղին մեջ, ուստա Հայրապետի արհեստանոցը: Գարնան սկզբին գործերը առատ կըլլային, և Սահակը