Այս էջը հաստատված է

ոստիկանության ուշադրությունը հրավիրեց նավահանգստի և մաքսատան աշխատավորներու վրա։ Դժոխային մեքենան պարունակող կառքը անցեր էր անոնց ձեռքեն, և այնքան Անատոլուի ճամփաները, որքան Սարայ-Բուրնիի ջուրերը հագեցան անմեղ զոհերու արյունով։

Այս լուրերը, որոնց մասին շշուկով կխոսեին, բուռն ցասումներ կպատճառեին Վասիլին։ Անիկա զայրույթով լեցվեցավ այն մարդկանց նկատմամբ, որ դրսեն գալով, այդպիսի աղետալի դրություններ կստեղծեին։ Նավահանգիստի և մաքսատան բեռնակիրներու կազմակերպության քայքայումը, կարծես, կխլեր իրմե իր վերջին հենարանը։ Անիկա ներքին տագնապով կմտածեր այդ բոլորի մասին և երբեմն ինքն իրեն հարց կուտար. արդյո՞ք իրավամբ անկարելի է որևէ կազմակերպության ձեռնարկել տվյալ պայմաններու մեջ, «այս երկրին մեջ», ինչպես կըսեր Բարպան։ Բայց Վասիլը կմերժեր համակերպիլ այդպիսի վհատեցուցիչ եզրակացության։ Ինքը համոզված էր, որ կարելի է, բայց և ճիշտ էր, որ այդ դեպքերը ոչ միայն կխանգարեին որևէ արհեստակցական կազմակերպություններու ուժեղացումը, այլևս կստեղծեին շարունակ այնպիսի սարսափելի մթնոլորտ, որու մեջ անհնարին էր նույնիսկ միտքերը պատրաստել։

— Ո՞վ են այդ մարդիկը,— ըսավ Վասիլը իրիկուն մը, երբ Ղուկասը և Բարպան տուն երթալե առաջ հանդիպեր էին իրեն։— Ո՞վ են այդ հերիֆները, ո՞վ գիտե՝ ի՞նչ միտքի կծառայեն․․․ մեզի կրակը կձգեն, իրենք ալ շոգենավ կնստին կերթան․․․

Բարպան նկատել տվավ, որ ով որ ալ ըլլան և ինչ թաքուն նպատակի ալ ծառայեն, լավ կըլլար, եթե հաջողեին, երկիրը կփրկվեր արյունարբու սուլթանեն։

— Էհ, հետո՞․․․— ըսավ Վասիլն առանց զինաթափ ըլլալու,— մեկը կսատկեր, տեղը ուրիշ մը կնստեր, ատիկա գո՞րծ եղածն ան է, որ այդ բոլորը կպայթի օրը վաստակող, օրը ապրող խեղճ մարդոց գլխին։

Ղուկասը լուռ և անժպիտ գոհունակությամբ կհետևեր այս խոսակցության, քանի որ դեպքերը եկեր էին ապացուցանելու, որ «ատ ըլլալիք բան չէր»։ Ղուկասին արտահայտությունը