Այս էջը հաստատված է

Զարեհ էֆենդին կհայտներ, որ մտադիր է, «երբ որ քիչ մը դիրքը ամրանա», եվրոպական կարգ ու կանոն մտցնել իր արհեստանոցին մեջ։

— Գործի մը մեջ, Խաչի՛կ,– կըսեր անիկա շողոմ լեզվով,— այդ գործը ինչ կուզե ըլլա, գործատերին չափ աշխատավորն ալ շահ պետք է ունենա։ Այս մեկը աղեկ գիտցիր: Տե՛ս, ինչպե՞ս են եվրոպական ֆաբրիկատորները։ Ճիշտ է, մենք դեռ շատ հաց ու պանիր կուզենք անոնց ոտքին հասնելու համար, բայց հուսահատելու չէ, ամեն բան սկիզբ մը ունի։ Այնտեղ գործատերը, կապիտալիստը — այդպես կըսեն դրամագլուխ դնող և գործ բացող հարուստին — աշխատավորներուն հայրն է։ Անոնց ամեն բանին հոգ կտանի, անոնց նյութական և հոգեկան պետքերուն կսպասավորե, տուներ կշինե անոնց բնակության համար, խանութներ կբանա, որ աժան գինով առնեն, դպրոց կբանա, մի խոսքով, իր աշխատավորներուն նախախնամությունը կհանդիսանա։

Երիտասարդ Խաչիկը բերանաբաց և զմայլած կլսեր այդ խոսքերը, որոնք կկապվեին դպրոցը լսած և ընթերցումներե պատկերացուցած եվրոպական կյանքի մասին ունեցած գաղափարներուն։ Բայց Զարեհ էֆենդին ավելի հեռու չէր երթար. անիկա կխոսեր ինչպես ի միջի այլոց, կարծես անփութությամբ և այնպես համարելով, որ այդ բոլորը ամենուն ծանոթ, անառարկելի ճշմարտություններ են։

Այդ առաջին տարիներուն, երբ Զարեհ էֆենդիին աշխատանոցը կազմակերպության փուլին մեջ էր, նա մտերմաբար կվարվեր իր աշխատավորներուն, բայց, մանավանդ, Խաչիկին հետ։ Հաճախ անոր հետ կերթար Բոմոնթիի գարեջրատունը կամ Բերայի Շիտակին վրա Լյուքսեմբուրգ կաֆեն և երկար զրույցներ կունենար: Նրբամիտ և խորամանկ Զարեհը շուտով հասկցեր էր, թե ինչ օգուտ կարող էր քաղել Խաչիկի նման պարզասիրտ մեկե մը, որ իր վարպետությամբ կրնար արհեստանոցի որակը բարձրացնել, որ եզան պես աշխատելու ընդունակ էր և, ինչ որ կարևոր էր, կրնար աշխատավորները պահել որոշ հունի մեջ։ Զարեհ նշմարեր էր, որ առաջին օրերուն Խաչիկը հեղինակություն ունեցեր էր մյուս արհեստավորներուն վրա: