Այս էջը հաստատված է

«Ատ հերգելեները ուռկանը ձգելու համար ամենեն աղեկ կարթը իրենցմե մեկը կրնա ըլլալ»,— խորհեր էր իր մտերիմ մտածումին մեջ։

Ամեն տեսակետներով, ուրեմն, Զարեհ էֆենդին կմտածեր, որ Խաչիկը թանկագին աջակից կրնա ըլլալ, և անիկա կդողար խորհելով, որ եթե Արիստաքի էֆենդին խելք ըներ, կրնար իր կողմը շահիլ Խաչիկը, և այդ պատճառով մեծ խոստումներ կըներ։

— Ես քեզի շատ սիրեցի, Խաչի՛կ,— կըսեր անիկա,— ես քեզի առաջ կտանիմ, օր մըն ալ իմ ընկերս կընեմ, կտեսնես, դուն իմին աչքս նայե։

Բայց Զարեհը շուտով անդրադարձեր էր, որ Խաչիկը ձգտում չունի իր դասակարգեն դուրս ելլելու, և այլևս այդ կարգի խոստումներ ընելը ավելորդ էր համարեր։ Բայց մյուս կողմե, ամեն առիթե օգուտ կքաղեր խոսելու Արիստաքիի խավարամտության վրա։

— Իր տունին մեջ անգամ բարբարոսին մեկն է,— կըսեր Զարեհը։— Երեկույթի մը իր աղջկանը ապտակ մը զարկեր էր ամենուն առաջ, որովհետև աղջիկը երկու անգամ ընդուներ էր զյուրբեի մը պարի հրավերը։ Իսկ Արիստաքին աղջիկը կուզեր ամուսնացնել հարուստ, բայց խռֆած սարդելաճիի մը հետ։ Ճանը՛մ, այդ մարդիկը երեկույթը, պարահանդեսը ո՞ւր տեսած են․․․ քել գլխին շիմշիր սանտը[1], դեռ եթե քիչ մը մորթը քերթես, տակեն տրեխավոր խաշնարածը մեջտեղ կելլե։ Ասոնք ո՞վ գիտե ո՛ր չոլերեն եկած մարդիկ են, մեզի նման շեհիր ուշաղըներ չեն, ներեցեք, քաղաքացիներ ըսել ուզեցի։

Զարեհ էֆենդիին մեծ մտահոգություններեն մեկն ալ զուտ հայերեն խոսիլն էր։ Անիկա երբեմն կհանդուրժեր օտար բառերու, բայց չէր կրնար տանիլ թրքերեն բառերու գործածությունը։ Տանը մեջ անիկա խստորեն կհսկեր այդ բանին։ Նույնիսկ խոհարարները ստիպված էին ճկիլ այդ սովորության. դոլմային պատատուկ կըսեին, սալադին՝ աղձան, քյուլբասդըին՝ կողիկ, թավուք գեոքսիին՝ հավակուրծք,

  1. Բառացի՝ ճաղատ գլխին դոսախե սանր, այսինքն՝ ոչ-համապատասխան (թուրք․ ասացվածք)