Այս էջը հաստատված է

խահվեին՝ սուրճ, մսի ջուրին՝ արգանակ և այսպես ամեն բանի համար։ Ճիշտ է, որ առաջին օրերը քիչ մը դժվար կըլլար, բայց հետո կսորվեին։ Երբ առավոտուն, Զարեհ էֆենդին նոր և անտեղյակ խոհարարին կպատվիրեր, որ այդ օրը պատրաստե արգանակ, թյունի խորոված, ոչխարի տապակ և մրգանուշ, անիկա աչքերը մեծ֊մեծ բացած կնայեր և «այո էֆենդի», կըսեր, բայց հետո պառավ աղախինին կհարցներ, թե էֆենդին ի՞նչ պատվփիրեց, աղախինը, որ շատոնց սորված էր, համբերությամբ կբացատրեր, թե էֆենդիին ուզածը պարզապես խաշած մսի ջուր է, սկումրիի խորոված, խըզարթմա և կոմպոտ․ այն ատեն խոհարարը մեծ շունչ մը կքաշեր և կըսեր.

— Մեյեր սանկ ըլլա․․․ բե՜— և կվազեր շուկա։

Զարեհ էֆենդին կպարծենար, որ այդպիսով շատ մարդ կրթած է, որովհետև սպասուհիները կերպով մը կհարմարեին, բայց խոհարարները, չդիմանալով այդ գրաբարյան ռեժիմին, շուտ֊շուտ կփոխվեին։

Անգամ մը Զարեհ էֆենդին փոքրիկ դաս մը տվավ Խաչիկին, երբ անիկա գարեջուրը ապսպրելե հետո ըսավ հույն ծառայողին.

— Մեզե բեր։

Զարեհ էֆենդին մեղմ և խրատական ձայնով ըսավ.

— Աղանդե՛ր, Խաչի՛կ, աղանդե՛ր։

Երբ Խաչիկը առարկեց, որ ծառայողը հույն է, Զարեհ էֆենդին պատասխանեց․

— Թող հույն ըլլա, անոնք մեզի հունարեն խոսեցնել կուտան, մենք ինչո՞ւ անոնց չպիտի ստիպենք, որ մաքուր հայերեն խոսին։

Այդ ժամանակներն էր, որ Զարեհ էֆենդին Լյուքսեմբուրգի սրճատան մեջ պատմեց Արիստաքի էֆենդիին ծագումը և գործին սկզբնավորությունը։ Զարեհ էֆենդին, որ սեղանավորի տղա էր, կըսեր, թե մեծ նշանակություն կուտա մարդոց ծագումին։

— Ընտանեկան կրթությունը,— ըսավ ան,— ամենեն հիմնական բանն է։ Ետքը ինչ որ ալ ընես, Խաչի՛կ, բան մը բաց կմնա, ինչքան ալ ուզես ծածկել, օր մը ծագումդ