Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 01.jpg

Այս էջը հաստատված է
Ա

Նրա հուղարկավորությանը մի քանի հոգի հազիվ կային․ քույրը՝ Թուրվանտան էր, Թուրվանտայի ամուսինը՝ Փալանճի Գիրգորն էր, ամուսնու եղբայրը՝ Սիմոնն էր, երկու հարևաններ իրենց կանանցով, տերտերը, ժամկոչը, տիրացուն չէր եկել տերտերի կարգադրությամբ, որպեսզի ստացված փողը փոխանակ երեքի՝ երկուսի միջև բաժանեին, իսկ ամուսինը մի տարի առաջ արդեն պառկել էր գերեզմանոցում և կնոջն էր սպասում։

Սառային թաղեցին ամուսնու կողքին։

Գերեզմանոցի ցանկապատից դուրս չելած՝ տերտերն իր վարձը պահանջեց, իսկ ցանկապատից դուրս բոլորն էլ բաժանվեցին իրարից։

Փալանճի Գիրգորն ասաց կնոջը.

— Է՛հ, կնիկ, ես երթամ խանութ։

Մեռելատուն վերադարձողը միայն Թուրվանտա Քորոն եղավ։

Մեռելատանը Թուրվանտա Քորոյին սպասում էր հինգ տարեկան որբ մնացած Թորիկը։

Երբ Թուրվանտա Քորոն արցունքոտ աչքերով, սև շալը գլխին, մեկ ձեռքը դրած դագաղի վրա՝ դուրս էր գնում, հիշեց Թորիկին, թողեց դագաղը, գնաց ներս, բացեց պահարանը, մի կտոր չոր հաց վերցրեց, տվեց Թորիկին, նստեցրեց դոշակի վրա և ասաց.

— Թորի՛կ, ձագու՜կս, էստեղ նստիր, հիմա կուգամ։

Թորիկը հացն առավ ու սկսեց կրծել։

Թուրվանտա Քորոն հասավ դագաղին։

Եվ երբ Թուրվանտա Քորոն վերադարձավ թաղումից, Թորիկը հացի կեսը կրծել էր, մնացած կիսովը խաղում էր փիսիկի հետ։ Փիսիկը ցատկում էր, կծում հացի կտորը, Թորիկը քաշում էր, ազատում հացը և ծիծաղում։

Թուրվանտա Քորոն, տեսնելով Թորիկին բոլորովին անգիտակ աշխարհի իր ամենաթանկագին էակից զրկվելու դժբախտության,