Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 04.jpg

Այս էջը հաստատված է

օղլան պապասի[1] դարձար, հիմա էլ չե՞ս հավնիր, լեզո՜ւդ…

Փալանճի Գիրգորն այս մասին ընդմիշտ լռեց։


Գ

Եվ Թորիկն աճեց։ Ոսկորները մեծղի էին և դիմացկուն, միայն գլուխը, համեմատաբար, փոքր մնաց։

— Ղաֆան շատ պստլիկ է,— մի օր դիտել տվեց Փալանճի Գիրգորը, թեև վաղուց որոշել էր ոչինչ չասել։

Թուրվանտա Քորոն անպատասխան չթողեց նրան.

— Թո՛ղ պզտլիկ ըլլի, ի՞նչ ընենք, գլխուն վրա ընկո՞ւզ տի կոյրենք։

— Քիչ մը մենծ ըլլի, որ մեջը բան մտնա,— քրթմնջաց Փալանճի Գիրգորը։

Թուրվանտա Քորոն չպատասխանեց թեև, բայց առանձնահատուկ մի նայվածք նետեց Փալանճի Գիրգորի գլխին։

Եվ պատահեց, որ Փալանճի Գիրգորը մի քանի անգամ Թորիկին հետը տարավ ման գալու։ Երբ Փալանճի Գիրգորը մի որևէ մեկի հետ փողոցում խոսակցության էր բռնվում, Թորիկը նրա սրունքը կիսագրկում էր և հանգիստ կանգնում։ Ոչ մի անհամբերություն, կանգնում էր և սպասում՝ մինչև Փալանճի Գիրգորը խոսքը վերջացներ, իսկ Փալանճի Գիրգորի խոսքը հաճախ երկար էր տևում։ Այն աստիճան Թորիկը նեղություն չէր պատճառում, որ Փալանճի Գիրգորի համար անխուսափելի սովորություն դարձավ առանց Թորիկի տեղ չգնալ։

— Թող տունը մնա,— ասում էր Թուրվանտա Քորոն,— քըզի նեղություն կուտա։

— Չէ, կնիկ, հեչ նեղություն չի տար, ճիվերս կը բռնե, կը կայնի, շատ խելոք փիճ է։

Թուրվանտա Քորոն խելահեղ ուրախության էր մատնվում։

— Թե՛ որբը տուն գտավ, թե՛ մենք ըլ զավակի տեր եղանք, թե որ Փալանճի Գիրգորին հայեինք, բան դուրս չէր գար, չո՜ր աղբյուր…— ասում էր նա։

  1. պատրաստի տղայի հայր