Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 05.jpg

Այս էջը հաստատված է



Հետզհետե թե՛ Փալանճի Գիրգորը, թե՛ Թուրվանտա Քորոն զգացին, որ Թորիկն անհրաժեշտություն էր տանը։

— Էս փիճը չըլլեր, ի՞նչ տընեինք,— հարց էր տալիս Փալանճի Գիրգորը։

— Ի՞նչ տընեինք, քիթ քթի տի նստեինք ու իրարու անտեր երեսը տի նայեինք,— պատասխանում էր Թուրվանտա Քորոն։

— Ծո՛, Թորի՛կ,— ձայնում էր Փալանճի Գիրգորը։

— Ի՞նչ է, Գիրգոր աղա,— պատրաստակամ պատասխանում էր Թորիկը։

— Ջուր մի տուր՝ խմիմ, ծո՜։

Թորիկը ջուրը բերում էր։

Թուրվանտա Քորոյի հրճվանքին չափ չկար, մանավանդ, երբ Թորիկն ամուսնուն «Գիրգոր աղա» էր կոչում, մի բան, որ ինքն էր սովորեցրել նրան։ Քանի որ աշխարհում ոչ ոք նրան աղա չէր կոչելու, գոնե Թորիկը կոչեր։

— Քա՛, Թորի՛կ, ո՞վ է դուռը կծեծե,— հարցնում էր Թուրվանտա Քորոն, հաստատ համոզված լինելով, որ պիտի լինի Փալանճի Գիրգորը։

— Գիրգոր աղաս է,— պատասխանում էր Թորիկը։

Թուրվանտա Քորոն հպարտանում էր, ուրախանում, բռնում Թորիկի գլուխը, սեղմում կրծքին, համբուրում և ասում․

— Գիրգոր աղադ քըզի ղուրբան ըլլի․․․


Դ

Երբ Թորիկն ավելի մեծացավ, տնից դուրս էլ դարձավ պետքական։

— Ծո՛, Թորի՛կ, էս միսը տուն տար։

— Ծո՛, Թորի՛կ, էս հացը տունը ձգե։

— Թորի՛կ, օղո՛ւլ, գնա Գիրգոր աղայիդ ըսե՝ քացախ առնե, բեր։

— Թորի՛կ, ղուրբան, սեփեթը (կողովը) խանութը տար։

Եվ Թորիկը ամեն ինչ կատարում էր սուսիկ֊փուսիկ, առանց դժգոհելու։ Միայն թե տնից խանութ, խանութից տուն գնալ