Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 06.jpg

Այս էջը հաստատված է

գալը շատ երկար էր տևում։ Երբ Փալանճի Գիրգորը տուն գար և ճաշը պատրաստ չգտներ, զարմանում էր։

— Աղջի՛, Թուրվանտա՛, էսքան ատեն կերակուրը չե՞ս պատրաստեր, անոթի քուռակ կնետիմ։

— Ուշ ղրկեցիր միսը։

— Ի՞նչ կըսես, առտուն եմ ղրկեր։

— Քա՛, օրհարսակ էր եկավ Թորիկը։

— Ծո՛, Թորի՛կ։

Թորիկը կանգնում էր և հլու նայում։

— Միսը խանութեն դո՞ր տուն բերիր։ Հեչ տեղ չի գացի՞ր։

― Չէ։

Թորիկը սուտ չէր խոսում, խանութից ուղիղ տուն էր եկել, բայց ճանապարհին շատ էր կանգ առել։ Թորիկին հետաքրքրում էր փողոցում ամեն բան— արջ էին խաղացնում՝ դիտում էր, ձեռնածություն էին անում՝ դիտում էր, տեսնում էր, որ մի դռան առաջ հավերը կուտ են ուտում՝ կանգ էր առնում և երկարորեն դիտում, վա՜յ թե կցված շներ տեսներ՝ ժամերով դիտում էր զմայլանքով և հրճվանքով, առանց իմանալու, թե ինչ էր կատարվում։ Եվ պատահում էր, որ դիտելիս՝ թևի տակից հաց էին փախցնում կամ բանջարեղենի մի փունջ։ Ամենաշատն ուշանում էր այն օրերը, երբ ձյուն էր գալիս խոշոր փաթիլներով։ Դանդաղ և օրորուն պարող ձյան հատիկներն անսահման հրճվանք էին պատճառում Թորիկին, գլուխը վեր էր բարձրացնում և սպասում մինչև ձյան մի փաթիլ ընկնի աչքերի թարթիչների վրա։

Մի օր էլ, ինչ-որ դիտելիս, մի շուն տոպրակի միջից միսը փախցրեց։ Վազեց ետևից, բայց չկարողացավ բռնել։ Այդ երեկո Փալանճի Գիրգորը մի ապտակ իջեցրեց նրան և ասաց.

— Խելքդ գլուխդ ժողվե, յավրում, փարա ենք տվեր։

Թորիկը լաց եղավ։

— Գիրգոր աղա, ալ չեմ ըներ,— հեկեկաց նա։

Թորիկն այս խոսքը այնպես արտասանեց, այնպիսի խեղճությամբ, այնպես գլուխը կախ և անօգնական տոնով, որ Փալանճի Գիրգորը խղճահարվեց, աչքերը խոնավացան, երեսը շուռ տվեց, որ ցույց չտա արցունքը, բայց Թուրվանտա Քորոն չդիմացավ և Թորիկի հետ միասին կուշտ լաց եղավ։