Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 09.jpg

Այս էջը հաստատված է



— Տանիմ իմ խանութ, թող իմ արհեստս սորվի, մարդ դառնա ընծի պես։

Թուրվանտա Քորոն այս անգամ համաձայներ, որովհետև Թորիկի քթի տակ արդեն սևին էր տալիս, ձայնը հաստացել էր, և վերջնականապես պարզ էր, որ ուսման ոչ միայն սեր չուներ, այլև հարմարություն։


Զ

Առաջին օրը Փալանճի Գիրգորը խանութում Թորիկի գլխին երկար֊բարակ խրատ կարդաց.

— Թորիկ, յավրում, արհեստին մենծ ու պզտիկը չի կա, ամեն արհեստ իրեն արժեքն ունի, ինչու որ ամեն արհեստ մարդս աղքատութենե կազատե, ուրիշին կարոտ չըներ, փալանճիությունն ըլ արհեստ է և շատ աղեկ արհեստ է, հըլե հարցուր թե ինչո՞ւ։

— Ինչո՞ւ, Գիրգոր աղա։

— Ինչու որ գործդ մարդու հետ չէ, իշու հետ է։ Ինչո՞ւ ակռաներդ բացիր ու կծծղաս, իշու անո՞ւն լսեցիր,— վիրավորվեց Փալանճի Գիրգորը։

Թորիկը վայրկենապես լրջացավ, բայց ուզում էր ասել, թե իշու ձայն լսեց, բայց լռեց՝ վախենալով ապտակից։ Փալանճին շարունակեց.

— Դուն չկարծես քի էս արհեստը դյուրին արհեստ է, չէ՛, յավրում, չէ՛, ամեն արհեստ իրեն փյուֆերին[1] ունի…

— Ունի, Գիրգոր աղա,— մեքենաբար ձայնակցեց Թորիկը։

— Հը՛, իշտե էդ փյուֆերին տի սորվիս։

— Կսորվիմ, Գիրգոր աղա, բան մը չէ։

— Մենծ֊մենծ մի խոսա, բոյդ կտեսնանք։

Եվ Թորիկն սկսեց աշխատել։

Սկզբներում կարել, խոտ լցնել, չվան պատրաստել և այլն՝ կարողացավ յուրացնել, բայց երբ հասավ դժվարին մասին՝ փալանի արտաքին ձևավորման, Թորիկը կանգ առավ։

Սկսվեցին Թորիկի և Փալանճի Գիրգորի միջև լուրջ անախորժություններ, մինչև այն աստիճան, որ Փալանճին խանութում,

  1. գաղտնիքի իմաստով