Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 10.jpg

Այս էջը հաստատված է

ուրիշների ներկայության, Թորիկի վրա բղավում էր.

— Ծ՛ո, իշո՛ւ գլուխ, փալան մըլ քըզի համար պետք է շինել, քառասուն անգամ ըսի, բեյնդ չմտա՜վ։

— Գիրգոր աղա, էշ է, ի՞նչ գիտե,— առարկում էր Թորիկը։

— Էշը հայվան է, չի գիտեր, տե՞րն ըլ հայվան է, ծո՛։

Երբեմն վեճն այնքան էր տաքանում, որ Թորիկը թողնում էր խանութը, գնում տուն և ասում Թուրվանտա Քորոյին.

— Թուրիկ մոքուր, Գիրգոր աղաս ընծի չի հավնիր, ալ խանութ չեմ երթար։

— Ամեն մարդ ըլ արհեստը էդպես կսորվի, օղո՛ւլ, իրեն գլխուն ըլ էնքան են զարկեր…

Թորիկը, գլուխը կախ, վերադառնում էր խանութ։

— Հը՞, քնթիդ հովը իջա՞վ,— հարցնում էր Փալանճի Գիրգորը։

Թորիկը, առանց պատասխանելու, վերցնում էր մախաթը և սկսում աշխատանքը։

Անախորժություններ պատահեցին և վաճառքի շուրջը։ Փալանճի Գիրգորի բացակայության Թորիկը փալան էր ծախում ավելի պակաս գնով, քան ծախս էր նստել իրենց վրա։

— Ինչո՞ւ աժան ծախեցիր,— հարցնում էր Փալանճին։

Թորիկը, սառած աչքերով, նայում էր Փալանճուն և չէր պատախանում։

— Պատասխան տուր, հայվա՛ն։

— Բան մըն էր՝ եղավ, ալ չեմ ըներ։

— Ծո՛, էս քանի՞ երորդ անգամն է, գլխուս ցեց դարձար, շա՛ն զավակ։

Այդ օրերից մեկում Թորիկը տուն եկավ հարբած։ Մի երևույթ, որ երբեք չէր պատահել։

— Քա՛, էս ի՞նչ բան էր, է՜ս էր պակաս,— գոռգոռաց Թուրվանտա Քորոն և զարկեց ծնկներին։

Բայց, առավոտյան, Թուրվանտա Քորոն շոյելով Թորիկի զլուխը, հարցրեց հարբած լինելու պատճառը։

Թորիկը պատասխանեց.

— Հորս, մորս քով երթամ պառկիմ՝ ավելի աղեկ է։

— Ինչո՞ւ։