Իգնատ աղայի աղջկան, բայց վերադարձավ խորապես վիրավորված։
— Բերանդ բուրդ տվին, հա՞,— ասաց Թորիկը։
— Էրնեկ բուրդ տային, ուրիշ բան տվին։
— Ի՞նչ ըսին,— հետաքրքրվեց Թորիկը, բայց դողում էր հավանական պատասխանից։
— Կնիկը ի՞նչ ըսե՝ աղեկ է։
Թորիկը լռություն պահեց։ Ներքուստ ցանկանում էր իմանալ, բայց արտաքուստ անտարբերություն ձևացրեց։ Թուրվանտա Քորոն շարունակեց․
— «Ես կարծեցի՝ եկեր ես խնդրես, որ մեր լվացքը դուն ընես» կըսե։
Թորիկը, առաջին անգամ լինելով, փողոցային մի հայհոյանք շպրտեց Իգնատ աղայի կնոջ հասցեին, որին Թուրվանտա Քորոն արձագանք տալով՝ ասաց.
— Ե՛ս էլ։
Թուրվանտա Քորոն և Թորիկն ավելի ցած իջան և եկան կանգ առան արհեստավորների վրա։ Համոզված լինելով, որ քաղաքում գտնված որևէ արհեստավոր սիրով և փութկոտությամբ պիտի համաձայներ իր աղջկան Փալանճի Թորիկին կնության տալու, նստեցին և երկար ու բարակ ընտրություն կատարեցին…
— Հացագործ Սիմոյին աղջիկը…
— Աղեկ է, բոյը կարճ է,— առարկեց Թորիկը։
— Պատշարող Օղասաբին աղջիկը, պզտլիկը…
— Աղեկ է, մազը դեղին է, խոշիս չի գար։[1]
— Մսագործ Աստուրին աղջիկը։
— Քիչ մը դուրս ընկած կերևա։
— Կոշկակար Թորոսին մենծը…
— Հի՛, հի՛, հի՛…― ծիծաղեց Թորիկը։
Թուրվանտա Քորոն շալը քաշեց գլխին և ուղիղ կոշկակար Թորոսին տունը գնաց։
Մեծ աղջիկը՝ Լուսնթագը, սուրճ բերեց Թուրվանտա Քորոյին։
- ↑ ինձ դուր չի գալիս