Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 16.jpg

Այս էջը հաստատված է



— Քա՛, Լուսնթագիս տես, մենծցեր, բոյը, բոսը…— գովաբանեց Թուրվանտա Քորոն և խոսքը բաց արավ։

— Թուրվանտա Քորո, ատոր խոսքը հեչ չընես, աղջիկս մինչև դպրոցը չվերջացնե՝ չեմ կարգեր,— պատասխանեց մայրը և դրանից հետո այնպիսի երես արավ, որ Թուրվանտա Քորոն մնաս բարով արավ և դուրս ելավ։

Կոշկակար Թորոսից հետո, մեկը մյուսի ետևից, Թուրվանտա Քորոն, առանց Թորիկի հետ խորհրդակցելու, մտավ մսագործ Աստուրի, պատշարող Օղասաբի, հացագործ Սիմոյի տները և բոլորից էլ մերժողական պատասխան ստացավ։ Պատշարող Օղասաբը մինչև անգամ վիրավորեց,

— Թորիկդ քիչ մի կով է,— ասաց նա։

Բացի այս արհեստավորներից, նոր արհեստավորների ցուցակ պատրաստեցին, և հերթով բոլորի տներն էլ մտավ Թուրվանտա Քորոն ու բոլորից էլ մերժողական պատասխան ստացավ։

Թորիկն այս անհաջողություններից ծայր աստիճան ջղայնացավ և ով որ մերժում էր աղջիկը տալ իրեն, հայհոյում էր։

Թորիկի համար աղջիկ գտնելը դարձավ և հարևանների խոսակցության առարկա։ Թուրվանտա Քորոն, միամտորեն, գնում էր և պատմում էր, թե ով ինչ պատասխան տվեց, կարծելով բոլորն էլ իրավունք պիտի տային իրեն, թե՝ պարզապես աղջկան բախտը կքոռցնեն։

Նա եկել էր մի եզրակացության.

— Որբ է, բախտ չունի,— ասում էր։

Հարևաններից մեկը մի օր եկավ ու ասաց Թուրվանտա Քորոյին.

— Քա՛, Թուրի՛կ, Թորիկիդ համար աղջիկ գտեր եմ։

— Քա՛, ի՞նչ կըսես։

— Աղջիկ, կաթը իստակ, գլուխը կախ։

— Ո՞վ է, ըսե՛։

— Օվակիմին աղջիկը։

Թուրվանտա Քորոյի մարմինը փուշ֊փուշ եղավ։ Նա հասկացավ, թե ում էր ակնարկում, բայց սուտ չհասկանալ տվեց։

— Ի՞նչ Օվակիմ,— հարցրեց նա։