Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 18.jpg

Այս էջը հաստատված է

Քորոն չէր զգում երիտասարդ տղայի հուրը։ Ինքն այդ հրդեհը չէր ապրել։ Հազիվ տասնհինգ տարեկան՝ տվել էին նրան Փալանճի Գիրգորին, առույգ, մեծ բեղերով, ձայնը խռպոտ, աչքերը կարմրած մի երիտասարդ, որ հրդեհել էր նրան, նախքան իր հրդեհն սկսվելը։

— Որ կախես, Աղքատ Ղազարոսին աղջիկը չեմ ուզի,— հայտարարեց Թուրվանտա Քորոն։

Թորիկը լռում էր։ Ոչ մի տղամարդ ինքը չէր կարգադրեր իր ամուսնության խնդիրը, մինչև անգամ եթե սիրահարված էլ լիներ։

Բայց Թուրվանտա Քորոն, երբ տեսավ, որ Թորիկը ջղայնությունից ամաններ է կոտրատում, մի անգամ բռնեց երեք հավ և վիզները քաշեց, մեկ֊մեկ խմում է, պատահում է, որ գիշերները տուն չի գալիս, զիջեց և խոստացավ գնալ ու խոնարհվել Աղքատ Ղազարոսի առաջ։

— Թուրվանտա Քորո,— ասաց արտաքնոց մաքրող Օվակիմի կինը,— կարգելու աղջիկ չունինք։

— Քա՛, ի՞նչ կըսես, հինգ աղջիկներեդ երեքը շատունց տի կարգեիր․․․

— Երեքն ըլ նշանվեր են,— պատասխանեց Օվակիմի կինը հպարտությամբ։

Թուրվանտա Քորոն կատակի տվեց․

— Հավը էրածին մեջ կորեկ կտեսնա։

Օվակիմի կինը տաքացավ.

— Էրածին մեջ կորեկ տեսնալ չի կա, վաղը մեկալ օրը դուն փախլավաները կտեսնաս։

— Քա՛, վերջնական բան մ՚ըսե։

— Վերջնակա՛ն, Թորիկիդ աղջիկ չունիմ տալու, Թորիկն ի՛նչ տղա է որ, փալանճի, թհո՛ւ․․․

Թուրվանտա Քորոն գրեթե խոնավ աչքերով դուրս ելավ Աղքատ Ղազարոսի տնից։ Զայրույթից և ամոթից ինքն իրեն էր կրծում։ Մինչև իրիկուն երկու հարևանի հետ կռվեց, քսան տարի բերանից դուրս չեկած խոսքերն ասաց նրանց։

Հենց հաջորդ օրը Թորիկը բռնեց Աղքատ Ղազարոսին և ասաց.

— Էս քանի մի օրը եկուր, մեր արտաքնոցը մաքրե։