Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 23.jpg

Այս էջը հաստատված է



— Օ՜խ, հասավ մինչև ոտքիս մատները,— նորից ասաց նա։

Շարժվեցին առաջ։

Գիշերը անսահման խաղաղ էր, թեթև։ Անցան նրանք փշենիների մոտից, նրանց մեղրաբույր ծաղիկները լայն բաց արին Թորիկի ռնգունքները, շնչեց լիաթոք, ագահ։ Այդ խաղաղության մեջ խռովահույզ էր միայն Թորիկի սիրտը, այն գետի նման, որ մռնչալով անցնում էր հենց Վարի թաղի տակով։

— Հեռո՞ւ է։

— Մոտեցանք։

Թորիկը նայեց երկնքին, ցածացել էր, աստղերը հենց իրենց գլուխների վրա էին, ժպտում էին և կաթում։

Ընկերը կանգ առավ մի փոքրիկ խրճիթի առաջ, որի միայն երկու լուսամուտներն էին լուսավորված նվազկոտ դեղին շողով։

— Իշտե էս է բոզերուն տունը։

— Ի՜նչ կըսես․․․

Թորիկը քարացավ իր տեղում։

— Արթուն են։

— Ի՞նչ գիտես։

— Ճրագը չեն մարեր։

Ընկերը մոտեցավ լուսամուտին և թեթև թխկացրեց ապակին։

Լռություն։

Թորիկը մոտեցավ ընկերոջը։

— Ետ երթանք։

— Իշություն չուզեր։

Ընկերը նորից թխկացրեց ապակին։

— Աման, սխալ տեղ չըլլի՞։

Ընկերը, առանց ուշադրություն դարձնելու, նորից թխկացրեց, այս անգամ մի քիչ ավելի ուժեղ։

Հանկարծ, դանդաղորեն և ծայր աստիճանի զգուշությամբ, կիսաբացվեց խրճիթի դուռը։

Թորիկի սիրտը թռավ։

Ընկերը մոտեցավ դռան։ Ինչ֊որ փսփսացին։

— Ծո՛, Թորի՛կ, եկուր։

Թորիկը չիմացավ, թե ինչպես ոտները սահեցին դեպի դուռը։