Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 36.jpg

Այս էջը հաստատված է

օճառոտ ձեռները, քաշեց, փաթաթեց հր մեջքին, ինքն էլ գրկեց նրան և սկսեց լաց լինել։ Անժելը գլխի ընկավ, թե ինչու լաց էր լինում և զգաց, որ այդ արցունքները զովացնում էին նրա հոգին։

— Հարսնուկս, աղվոր հարսնուկս, քըզի պեսը չի կա աշխըրքի մեջ, ես քեզ մեղա, ձագուկս…— հեկեկաց Թուրվանտա Քորոն։

Անժելը ոչինչ չպատասխանեց, ավելի սեղմորեն փաթաթվեց նրան և իր արցունքներն էլ խառնեց նրա արցունքներին։ Թորիկը, լսելով այս, խելահեղ ուրախության մատնվեց։

— Աշխըրքի մեջ կնիկ մի ունիմ ու մեկ հատ ըլ մորքոր, մնացած աշխըրքին․․․

Երջանկությունից հայհոյում էր Թորիկը, վեր-վեր ցատկում, մեկ կնոջն էր գրկում, մեկ՝ մորաքրոջը։

Հաջորդ օրը, առավոտյան, Թուրվանտա Քորոն ասաց Թորիկին.

— Թորիկ, ձագուկս, էսօր հարսնուկս բաղնիք տի տանիմ։

Թորիկը հրճվանքից չկարողացավ խոսել, երկար և գորովագին նայեց մորաքրոջը, ձեռքը տարավ նրան և ասաց.

— Օդային մեջը լողցուր։

Բաղնիսում երբ Անժելը մերկացավ, կարծես լույս արձակվեց նրա մարմնից, այնքան մաքուր և սպիտակ էր նրա մարմինը։

Բոլորը նայում էին նրան զմայլանքով։ Չէ՞ որ գեղեցկությունը չունի թշնամի։ Մինչև անգամ մի կին շշնջաց կնոջ ականջին.

— Կնիկ ասածդ թող աղվոր ըլլի, բոզ ըլլի, քնծոր մենք ըլ կնիկ ենք, թհո՛ւ…

Թուրվանտա Քորոն ինքը քանդեց Անժելի ոսկեգույն ծամերը, որ թափվեցին նրա մարմարյա ուսերի վրա, կարծես արևը փաթաթվեց նրան։ Երբ Թուրվանտա Քորոն տեսավ, որ բոլորն էլ իր հարսին են նայում, գաղտնի կմշտեց նրա փափուկ տեղը։ Անժելը չհասկացավ այդ։ Երբ մտան բաղնիքի ներքնակողմը, Անժելը հարցրեց.

— Թուրիկ մայրիկ, ինչո՞ւ կսմթեցիր։

— Կսմթեցի, որ աչք չի տան, ձագուկս,— պատասխանեց Թուրիկ մայրիկը։