Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 37.jpg

Այս էջը հաստատված է



Անժելը ժպտաց նրա միամտության վրա։

Երբ նրանք մեկնեցին, Թորիկն ուղիղ գնաց շուկայի հրապարակը, մոտեցավ մի ծանոթ կառապանի և հարցրեց.

— Թուրիկ մորքորս կճանչնա՞ս։

— Թուրիկ մորքուրը ո՞վ չի ճանչնար։

— Փայթոնդ կտանես Հաշի Տուրսունին բաղնիքը, դուռին առաջը կկենաս՝ մինչև Թուրիկ մորքորս ու կինս դուրս ելլան, կնստեցնես, տուն կտանես, հայդե, էվել էվելոք կը վճարեմ։

Կառապանը սանձերը շարժեց, և ձիերը թռան։

Բաղնիսից դուրս եկողները տեսան, որ Թուրվանտա Քորոն և Անժելը կառք նստան։ Մի չարամիտ կին, որի երկու աղջիկները տանն էին մնացել, մրթմրթաց.

— Բոզու բախտ է։

Եվ սև քողի տակ նրա դեմքը դեղնեց նախանձից։

Թուրվանտա Քորոն կառքում, գլուխը հպարտորեն բարձր բռնած, ուզում էր, որ ամեն մարդ տեսնա իրեն։

Թորիկը, առաջին անգամ իր կյանքում, տանը թեյ էր պատրաստել, շուկայից կարմրած հավ էր բերել, բերել էր կանաչեղեն և Անժելի համար նոր զգեստ։

Երբ Թուրվանտա Քորոն ու Անժելը կառքից իջան և մտան փոքրիկ տունը, որի դռան առաջ առաջին անգամն էր կառք կանգ առնում, Թորիկը դուրս ելավ, վճարեց կառապանին, ճանապարհ դրեց և հպարտությամբ փողոցի մեկ վերի կողմը և մեկ վարի կողմը նայեց։

Երբ ներս մտավ Թորիկը, տեսավ Անժելին դեռ թաց ծամերով, մի քիչ կարմրած տաք ջրից՝ ինչպես դժգույն մեխակը, գրկեց նրան, բարձրացրեց, դրեց ուսի վրա և ման ածեց տան բոլոր մասերում հոգու խորագույն երջանկությամբ։

Թուրվանտա Քորոն, ձեռքերը ծալած փորի վրա, դիտեց զմայլանքով ու անսովոր հրճվանքով և ասաց․

— Գիրգոր աղադ սաղ ըլլեր, տեսնար…

— Յա չես ըսեր՝ մերս տեսնար,— շշնջաց Թորիկը։

Թուրվանտա Քորոն հանկարծ հեկեկաց՝ հիշելով խեղճ, դժբախտ քրոջը, որի հողակույտի վրա դեղին կոճակով ապրեմ֊չապրեմ էր աճում։