Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 38.jpg

Այս էջը հաստատված է



ԺԴ

Օրերը թռչում էին։

Կյանքը Թորիկի և Անժելի համար հոսում էր ուրախ առվակի նման։

Ֆապրիկաթոռի այն աղջիկը, որին ուզելու համար Թուրվանտա Քորոյին վիրավորել էին, ամուսնու հարբեցողությունից և լկտիությունից բարակ ցավ ընկավ ու մեռավ։

Երբ դագաղը տանում էին փողոցից, Թորիկը հարցրեց․

— Ո՞վ է ատ մեռնողը։

— Իշտե էն է,— պատասխանեց Թուրվանտա Քորոն։

— Մե՜ղք,— շշնջաց Թորիկը և տխուր ետ քաշվեց լուսամուտից։

— Քըզի տային, հիմա․․․

— Չէ՛,— կտրեց Թորիկը,— աղեկ որ չի տվին։


***

Թորիկը ամեն առավոտ, խանութ գնալուց առաջ, պատվիրում էր Թուրվանտա Քորոյին։

— Թուրիկ մորքոր, գառնուկիս չի թողուս որ ծանտր բան վերցնե, հա՜։

— Չէ, ղուրբան, չէ։

Իսկ Անժելը, հուլիսի կեսերին, նստած տան ետևում, երկու֊երեք սավան մեծությամբ պարտեզում, իր խնամած բաց֊կապույտ ծաղիկների դիմաց, փոքրիկ շապիկներ էր կարում իր մանուկի համար, որ արդեն թպրտում էր սրտի տակ և հաճախ ուժգին հարվածներով խփում էր մոր փորի պատերին, որից մայրը ժպտում էր կապույտ և նվաղկոտ աչքերով։ Կյանքը Անժելի համար բաց֊կապույտ ծաղիկների բույրն էր և բաց֊կապույտ ծաղիկների շողը։

«Եվ այդ բաց֊կապույտ ծաղիկների մեջ», մտածում էր Անժելը, կը ոստոստի և կը թռչկոտի իր մանուկը, ինչպես ուլիկը պայծառ աչքերով, առավոտյան զով ցողը կը թրջի իր