Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/11

Այս էջը սրբագրված է

Հաստատուն է այս վարդապետութիւնը և մի՛ նպատակ ունի. մի՛ անհաստատ վարդապեաութիւն անվերջ ճիւղաւորւում է։

Այս ծաղկափթիթ խօսքով պարծենում են տգէտները, որ Վեդաներիցն[1] է. «էլ ուրիշ բան չկայ. ասում են նրանք։

Անձնատուր հաճոյքի, միայն երկնապաշտ, ընդունում են այդ Գիրքը, որ վերակենդանութիւնը համարում է իբր գործերի վարձք, և ծէսերի առատութեամբ տալիս է հարստութիւն և իշխանութիւն։

Հարստութեան և իշխանութեան սիրող այս մարդիկ, մոլորուած այս խօսքով, ինքնահայեցողութեան միակ հաստատուն վարդապետութիւնը չեն ճանաչում:

Երեք յատկութիւններ կան Վեդայի մէջ, ազատ եղիր այդ երեք յատկութիւններից, ո՜վ Արջունա. հոգիդ անբաժանելի, հաստատուն և ինքնիշխան թող լինի. միակ մտածմունքդ երջանկութիւնը չլինի։

Ինչքան առատութիւն է մի աւազանում, որի ջրեքն ամէն կողմից հեղեղւում են, նոյնքան նիւթ կայ ամբողջ վեդաներում Բրահմանի համար։

Գործերիդ ուշադիր եղի և ոչ երբեք նոցա վարձատրութեան համար մի՛ գործիր. բայց մի՛ խուսափիր գործից.

Եօգայով հաստատուն՝ գործիր, դէն ձգելով ցանկութիւնը. յաջողութեան և անյաջողութեան առաջ անտարբեր եղիր. Եօգան հոգու անտարբերութիւն է սովորեցնում։

Աւելի ստոր է գործը Եօգայից. խոկման մէջ որոնիր քո ապաւէնը. թշուառ են վարձատրութեան սպասողները:

Խոկման անձնատուր մարդը ազատւում է բարի և չար գործերից. ուրեմն ընդունիր Եգան. Եօգան գործերի մէջ երջանկութիւն է դնում:

Խոկման անձնատուր իմաստուն մարդիկ գործերի վարձատրութիւնը թողնելով, և խուսափելով ազգականական կապերից՝ գնում են փրկութեան ապաստարանը։

Երբ մոլորութեան մութ սահմաններն անցնի քո միտքը, այն ժամանակ դու կարող կը լինիս արհամարհել անցեալ և ապագայ վէճերը։

Երբ այս սկզբունքներից հեռու մնալով, քո հոգին անդրդուելի և հաստատուն դառնայ հայեցողութեամբ, այն ժամանակ դու կը հասնես Եօգային:

  1. Ս. Գիրքը Հնկաց, որի չորս մասերն են. Ռիգ, Եաջուր, Սա՜մա, Աթարվա։